Ձորա՞կ, թե Զորակ. Կառավարությունը գյուղի անունը սխալ է գրել, ուստի սուբվենցիոն ծրագիրը հնարավոր չէ իրագործել

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023-ի պետական բյուջեի մասին օրենքում և Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

12 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 14 ծրագրեր: Միաժամանակ, ՀՀ Լոռու մարզի 3 համայնքների 7 ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարը՝ 122,079․9 հազար ՀՀ դրամ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։ Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:

ՀՀ կառավարության 23.02.2023թ. թիվ 237-Ն որոշմամբ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքին տրամադրվել է 79,324․6 հազար դրամ՝ «Մասիս համայնքի Այնթափ և Ձորակ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ» ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Վերոհիշյալ որոշման մեջ նշված ծրագրի անվանման մեջ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ Արարատի մարզում Ձորակ բնակավայր գոյություն չունի, մարզի բնակավայր է հանդիսանում Զորակը, ուստի ծրագրի անվանման մեջ տարբերության փաստը հնարավորություն չի տալիս համայնքին կատարելու կապալառուի հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Որոշման նախագծով առաջարկվում է 2023 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 1,448 մլրդ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: