«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մեղավորի հասցեն նույնն է»․ ՀՅԴ-ականների կապած ակցիան կառավարության դիմաց

ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջփակման 100-ր օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ» պաստառներ էին կրում ակցիայի մասնակիցները,  որոնք ներկայացել էին կարմիր ժապավեններով իրենց բերանները կապած։

«Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,- հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Տարոն Մանուկյանը։

Նա ընդգծեց․ «Այստեղ ենք ևս մեկ անգամ հաստատելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, որ չենք համակերպվել, չենք համակերպվելու ու չենք լռելու»։

«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության, կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։

Ակցիան նախաձեռնողները ավելի վաղ հայտարարել էին.

«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։