Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում,  Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը և Դ. Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշվում է հաղորդագրության մեջ: