Հայաստանը ՄԱԿ-ում կբարձրացնի Բաքվի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը. Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի  միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր  ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, նաև դատարանի կանոնադրության։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ՀՀ-ն ինչ է անում, որպեսզի Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի կողմից  չկատարման հարցը քննարկվի ՄԱԿ ԱԺ նիստում:

«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը։ Ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Կիրակոսյանը:

Նա տեղեկացրեց, որ միջանկյալ որոշումների չկատարման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելու այլ երկրների փորձերն հաջողություն չեն ունեցել, քանի որ դրանք հիմնականում վերաբերել են ԱԽ մշտական անդամներից որևէ մեկին և վերջինս կիրառել է վետոյի իր իրավունքը:

«Մեր պարագայում անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, ես գիտեմ, որ ԱԳ նախարարության մեր գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և պարզաբանեց, որ ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի հարցը կարող է դիտարկվել երկու դեպում՝ ՄԱԿ կանոնադրության 94 հոդվածով և 7-րդ գլուխի՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությունների իրականացման շրջանակներում, քանի որ Լաչինի միջանցքի փակ մնալը միջազգային խաղաղության և անվտանգության ռիսկեր է առաջացնում: