Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրու ռեստորանում` փոխքաղաքապետի օգնականի տարեդարձի խնջույքին. պարզաբանում են ՔՊ-ականները. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է.

«Տեղեկացրել ենք, երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի (լուսանկարում) ծննդյան տոնը։ Մեր տեղեկություններով, խնջույքի ընթացքում մասնակիցների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Մասնակիցներին չափի էր հրավիրել ռեստորանի տնօրինությունը, որոնց հետ ևս փորձել էին վիճաբանել։

Գյումրու ՔՊ-ական պաշտոնյաներից մեկը (խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը), պարզաբանեց, որ ծննդյանին տոնին հրավիրված են եղել 28 հոգի, բոլորը տղամարդիկ` բարեկամներ, ընկերներ, գործընկերներ և հարևաններ։ Նրանցից ընդամենը 3-ն են եղել ՔՊ-ական։ Գյումրու երկու փոխքաղաքապետերը` թե՛ Արթուր Պապիկյանը և թե՛ նորանշանակ Վահագն Մկրտչյանը` վարչապետի կնոջ ազգականը, ևս հրավիրված են եղել, սակայն նրանք միջոցառմանը երկար չեն մնացել, շնորհավորել ու դուրս են եկել։ Միջադեպի ընթացքում նրանք ներկա չեն եղել։

Միջադեպը, ըստ ՔՊ-ական պաշտոնյայի, ծագել է փոխքաղաքապետերի` ռեստորանից դուրս գալուց 1-1,5 ժամ անց։ Ռեստորանի տնօրինությունն էլ մեզ վստահեցրեց, որ դանակով սպառնալիք չի եղել։ Նշենք, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել այս մասին և ստուգողական գործողություններ է իրականացնում»։