Ովքե՞ր են «վախեցած» զինվորականները, որ հրաժարվել են ԱԺ գնալ․ Անդրանիկ Քոչարյանը անուններ է տվել

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ափսոսում է, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնողները շարունակաբար բացակայում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերից։ Նա այս հայտարարությունն արեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,– նշեց նա։

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հրավեր է ստացել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, և հույս հայնեց, որ նա կընդունի հրավերը՝ ի տարբերություն Մովսես Հակոբյանի (ԶՈւ ԳՇ նախկին պետ), որին նույնպես կրկին հրավեր կուղարկվի։

Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։