Ոստիկանության մարզային վարչությունները կլուծարվեն

Նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության և  անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի և  արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ոստիկանության գործունեությունը, նրա խոսքով՝ կկենտրոնանա չորս հիմնական ուղղություններում՝ Պարեկային ծառայություն, Քրեական ոստիկանություն, Ոստիկանական գվարդիա և Ունիվերսալ ոստիկանություն։ Այս ամենը, նշել է Ղազարյանը, նշյալ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի մի մասն է։

Վերոնշյալ բոլոր կառույցներն ունենալու են տարածքային մասնաճյուղեր։ Կրկնվող գործառույթները կհասցվեն զրոյի։ Իսկ որպես լավագույն օրինակ նա նշել է Պարեկային ծառայության գործունեությունը։ Այն կներդրվի ամբողջ հանրապետությունում։

«Ներկայում այդպիսի ծառայություններ գործում են Երևանում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Դրանց համար պահանջվել է 315 ավտոմեքենա։ Ծառայությունն ունի անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումները։ Ընթանում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայության ներդրման աշխատանք»,- նշել է Ղազարյանը։