Նիկոլը մտածում էր` գիժ ձևանալով կթռնի ստանձնած պարտավորություններից, բայց «գժի տեխնոլոգիան» զրո էֆեկտ ունեցավ

Անվտանգային այն միջավայրը, որը Հայաստանի նախկին իշխանությունների  օրոք  կառուցվել էր հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի ու  Արցախի շուրջ, ջանադրաբար քանդվում է Փաշինյանի կառավարության ձեռքով: Երկրի արտաքին և անվտանգային քաղաքականության ձախողումը,  դաշնակիցների հետ անվստահելի ու ոչ հայանպաստ հարաբերությունների ստեղծումն աշխարհաքաղաքական այս բարդ շրջափուլում, Հայաստանը վերածում է  անդաշնակից,  անպաշտպան երկրի, արհամարհված թե’ ռազմավարական դաշնակցի, թե’ հավաքական Արևմուտքի կողմից: Իսկ Արցախը թողնված է միայնակ ու անպաշտպան` ցեղասպան պետության դեմ հանդիման:

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՆՈՐԱՆՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, ահաբեկչական դիվերսիոն գործողությունները մոտալուտ աղետի ազդանշան են:

Նախօրեին` կառավարության նիստում Փաշինյանը խոսեց այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական սադրանքի և դրա համար անհրաժեշտ ֆոն է ստեղծում: Ասաց` ԼՂ-ի ժողովրդի դեմ ձեռնարկվում են ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ, նպատակն Արցախի հայաթափումն է: Հիշենք, որ Փաշինյանը պարբերաբար է ահազանգում Ադրբեջանից սպասվող վտանգների մասին: Սակայն աբսուրդն  այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավարարվում է միայն SOS հնչեցնելով: Արցախի մեր հայրենակիցների պաշտպանությանն ուղղված գործնական ու արդյունավետ քայլեր իրականցնելու փոխարեն, Փաշինյանը` վիզը ծուռ ու խղճահարություն առաջացնող  կեցվածքով, Բրյուսելին ու Բաքվին վստահեցնում է, թե «Հայաստանը  հավատարիմ է խաղաղության օրակարգին, տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտմանը»:

Ի դեպ, կառավարության նիստում նրա կեղծ հայրենասիրական երանգներով հագեցած ելույթն իրականում Բաքվի պատվիրած սցենարի իրականացմանն ընդառաջ մի քայլ էր: Փաշինյանը հայ ժողովրդին` Հայաստանում ու Արցախում, հոգեբանորեն նախապատրաստում է նորանոր աղետների ու, փաստորեն, որպես ելք առաջարկում Բաքվի և Անկարայի պահանջների կատարում: Այսօր նա Արցախն է կանգնեցրել  ընտրության առաջ`կամ ադրբեջանացում, կամ  պատերազմ. վաղը երկընտրանքի առաջ է կանգնեցնելու  Հայաստանը` կամ թրքացում, կամ նոր ցեղասպանություն:

 

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԿԼԱԱՐՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ

Դուրսը շտապեցնում է Փաշինյանին` հիշեցնելով իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում  փակագծեր բացեց` ասելով. «Բաքվի եւ Երևանի ղեկավարներն ունեն քաղաքական կամք վերացնելու ԼՂ հակամարտության հետևանքները: Այս տեսանկյունից կարծում ենք, որ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»:

Կլաարի հայտարարությանը հաջորդեց Ալիևինը:  Բաքվի բռնապետն էլ իր հերթին  Փաշինյանին հիշեցրեց 2022-ի հոկտեմբերին Պրահայում ստանձնած պարտավորությունների մասին. «Այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ անցյալ տարվա հոկտեմբերին, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ, փաստացի ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար որեւէ խոչընդոտ չկա»։

Մնում է հասկանալ, թե ինչի՞ մասին են խոսում Տոյվո Կլաարն ու Ալիևը, և ի՞նչ խոստումներ է նրանց տվել Նիկոլ Փաշինյանը:

Դեռ անցած տարի Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ահազանգում էինք` Ալիևի ինքնագոհ պահվածքից պարզ երևում է, որ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի հարցում գնացել է ճակատագրական զիջումների: Մինչդեռ հայտնի ստախոսը շարունակում էր խաբել հայ ժողովրդին: ԱԺ ամբիոնից դեմքի ծամածռություններով, ձեռքերի նյարդային շարժումներով նա ճգնում էր մարդկանց  հավատացնելով, թե չկան պայմանավորվածություններ: Երևի մտածում էր`գիժ ձևանալով կթռնի ստանձնած պարտավորություններից: Բայց պարզվում էր` «գժի տեխնոլոգիան» արևմտյան տերերի վրա զրո էֆեկտ է ունեցել: Ու հիմա նրա քթից բռնած ուզում են գժի ձեռքով  Հայաստանից ավելին պոկել:

Բաքուն ու Բրյուսելը  շտապեցնում են և պահանջում`արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Եթե փաստաթղթի ստորագրման հարցում կա նման շտապողականություն, կնշանակի գործ ունենք ամբողջությամբ համաձայնեցված փաստաթուղթի հետ:

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Վերջերս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել էր, թե բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնա, նայելով իր աչքերի մեջ ասել է. «Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տրամաբանության մեջ, որ Փաշինյանը վաղուց որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ ու բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմված է Ադրբջանի կազմում Արցախի ապագային»:

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գաղտնազերծեց` «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկ» սկանդալային  փաստաթուղթը: Ըստ որի, համաձայնագիրը նախատեսում է. «Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում,  Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների կատարում`Ադրբեջանի Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների համապատասխան»։ Գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ. «Կմեկնարկի երկխոսություն Բաքվի ու Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև՝  նրանց իրավունքների եւ անվտանգության շուրջ»: Կա մի կարևոր արձանագրում ևս, որ. «Հայաստանը հրապարակավ կարտահայտի իր դիրքորոշումն այն մասին, որ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը»։

Փաստաթղթի գաղտնազերծումից հետո Արմեն Աշոտյանն այսպես էր մեկնաբանել. «Նիկոլի կողմից բանակցվող փաթեթը ոչ թե Բաքու-Ստեփանակերտ հավասարը-հավասարի բանակցելու ձեւաչափ է, այլեւ Նիկոլը բանակցում է Ստեփանակերտը Բաքվի մեջ ուծացնելու վերջնական քաղաքականությունը»:

Եվ սա այն է, ինչի ականատեսն ենք այսօր:

 

ԱՐՑԱԽԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈԻ ԱԼԻԵՎԻ ՀՅՈՒՍԱԾ ԾՈՒՂԱԿՈՒՄ

Անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման  իրավունքը, խոսելով միայն 29,800 քառակուսի կիլոմետրի անվտանգությունը պաշտպանելու մասին, Փաշինյանը ձեռքերը լվաց Արցախից ու մեջտեղ բերեց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության կեղծ գաղափարը: Արցախի հարցում կրավորական կեցվածք ընդունած Երևանը դրդեց Արցախի իշխանություններին  խնդիրները լուծել  Բաքվի հետ սեպարատ երկխոսությամբ: Եվ փաստորեն, երբեմնի բանակցային տրամաբանությունը Երևանի թեթև ձեռքով տեղափոխվեց Ստեփանակերտ-Բաքու շփումների դաշտ: Արցախը հայտնվեց Փաշինյան-Ալիև հյուսած ծուղակում: Ու մինչ Արցախի իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ադրբեջանական կողմի հետ երկխոսում ենք գազից, հոսանքից, պաշտոնական Բաքուն մեջտեղ բերեց «հայկական բնակչության» ինտեգրացիայի ձևաչափը`աշխարհին փորձելով ապացուցելով, թե Ստեփանակերտի հետ խոսում են որպես Ադրբեջանի բնակիչների:  Ապա Արցախի առաջ դրեց կոնկրետ պահանջ`կամ մտնել Ադրբեջանի կազմի մեջ, կամ սպասել  կոշտ և կտրուկ քայլերի: Բաքվից հնչած սպառնալիքը չուշացավ. մարտի 5-ին Ադրեբեջանը ահաբեկչական գործողություն իրականացրեց  Արցախում` կրակելով ոստիկանական մեքենայի վրա: Ունեցանք երեք զոհ:

 

ԽԱՂԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ Է

Այսպիսով` հակարցախյան խաղը գաղտնազերծված է: Փաշինյանի կողմից մեկ ու կես տարի քարոզվող «խաղաղության պայմանագրի» գինն Արցախի ինտեգրումն է Ադրբեջանին, արցախահայության հանձնումը  ցեղասպան, ահաբեկիչ պետությանը: Ստեփանակերտ-Բաքու կեղծ երկխոսության նպատակն է այդ հանձնումը  Արցախի իշխանության ձեռքով իրականացնելը:

Մնում է մեկ բան, որ հայակործան ծրագրի վերջին արարի մասին պաշտոնապես ու հրապարակավ հայտարարի ազգակործան պատուհասը:

 

 

Արմինե Սիմոնյան