Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Լաչինի միջանցքը: Չնայած միջազգային հանրության կոչերին և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, թշնամին շարունակում է փակ պահել միջանցքը: