Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել ՀՀ-ի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

Ժամանակակից շրջանում Հայաստանի և Լիբանանի միջև  հարաբերությունները նշանավորվում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցությամբ: Այս մասին մարտի 8-ին, Կահիրեում Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը:

ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը: