Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչվեց Վրաստանի խորհրդարանից․ «Սպուտնիկ Վրաստան»

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից։

Այս մասին ասված է օրինագծի նախաձեռնողի՝ իշխող «Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»։ 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին ծավալվել՝ կապված խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ:

Ըստ օրենքի՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20 %-ից ավելին ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում կտուգանվեն։ 

Ըստ իշխանության՝ օրենքը միտված է թափանցիկությանը, ըստ քաղհասարակության՝ այն շատ լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանն ու քաղաքական, քաղաքացիական այլընտրանքին։ 

Ի դեպ,  աշխարհում առաջինն ԱՄՆ է ընդունել «Oտարերկյա գործակալների մասին» օրենքը՝ 1938 թվականին (Foreign Agents Registration Act -FARA). օրենքը գործում է առ այսօր: