Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս առնչությամբ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։

Նախնական տվյալներով՝ երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։

Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։

Ավտոբուսի տեղափոխում էր վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին։ ԱՆ տեղեկացմամբ, վթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ։

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար: