Էրդողանի հավանական գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետը հրաժարվել է ընտրություններում առաջադրվելուց

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում էր առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական գլխավոր մրցակիցը, հայտարարել է, որ իր թեկնածուն կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է, գրում են տեղական լրատվամիջոցները։

Իմամօղլուն խոսել է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի հայտարարության մասին՝ նշելով, որ իր թեկնածուն կուսակցության նախագահն է։

«Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը գոյություն չունի, CHP-ի յուրաքանչյուր թեկնածու նախագահն է։ Իմ թեկնածուն կուսակցության խորհրդի նախագահն է»,- ասել է նա՝ խոսելով նաև «Լավ» կուսակցության հետ տարաձայնություններ մասին, որը համաձայն չէ Քըլըչդարօղլուի թեկնածությանը։

Իմամօղլուն նշել է, որ մինչև երկուշաբթի երկու կուսակցությունների նախագահները կպարզեն այդ հարցը։

Նախօրեին Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հավաքվել էին՝ քննարկելու նախագահի միասնական թեկնածուի հարցը։

Դրանից  հետո ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին, և հենց այդ օրն էլ թեկնածուի անունը կներկայացվի հանրությանը։ Հանդիպումից հետո մամուլում տարբեր լուրեր են տարածվում, թե «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները համաձայն չէ Քըլըչդարօղլուի թեկնածությանը։