Բանակը քանդելու նուրբ արվեստը

44-օրյա պատերազմը և դրանից հետո Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ծավալվող դեպքերը հստակ կարծիք են ձևավորում պաշտպանության ոլորտում Հայաստանի ղեկը զավթած իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։ Դեռ կասկածներ կա՞ն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հատուկ նպատակ են դրել կազմալուծել ոչ միայն Արցախի պաշտպանության բանակը, այլև Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում երբևէ ամենահզորի համբավն ունեցող բանակը և երկրի պաշտպանական դարպասները բացել արտաքին թշնամիների՝  Ադրբեջանի, Թուրքիայի առաջ։ Այդ նպատակին հասնելու համար կաշվից դուրս են գալիս թե դիվանագիտական դաշտում նախաձեռնած քայլերով, իբրև բարեկամանալով թուրքի ու ազերու հետ ու հայտարարելով՝ էլ ումի՞ց պաշտպանվելու համար է բանակը, եթե նախկին թշնամին արդեն բարեկամ է, թե բանակը հեղինակազրկելու միջոցով։

Այլապես ինչպե՞ս մեկնաբանել հերոսների դեմ անհեթեթ մեղադրանքներով հարուցված քրեական գործերը։ Օրինակ վերջերս իբրև թե պաշտոնեական դիրքը չարաշահելով փողերի լվացման մեղադրանքով գործ է հարուցվել գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ։ Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը կյանքի նպատակ էր դարձրել գեներալ Յուրի Խաչատուրովին ազատությունից զրկելը, և նրա դեմ քրեական գործ հարուցվեց, նրան զրկեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սակայն Մարտի 1-ի գործը փլվեց` ի ցույց դնելով մեղադրանքների սնանկությունը: Հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին՝ Իգորը։ 2022 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց Դիմադրության շարժմանը մասնակցելիս իբր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հալածանքների ալիքը հիմա էլ ավագ որդու վրա են տարածել։ Նվիրյալ զինվորականներին հեղինակազրելու, անվանարկելու և հանրության աչքին նրանց դավաճաններ ու դասալիքներ ներկայացնելու համար ինչ տխեղծ քայլերի ասես չեն դիմել և դիմում։ Հալածանքների այս շղթայում է նաև Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթը), ավելի վաղ՝ լուսահոգի Մանվել Գրիգորյանը․․․

Բանակը թուլացնելու այս իշխանությունների «ռազմավարական» քայլերից էր նաև  պրոֆեսիոնալ, բանակաշինության գործում մեծ ավանդ ու առանցքային դերախաղացում ունեցող ռազմական գործիչներին, պաշտոնյաներին, սպայակազմի ներկայացուցիչներին պաշտոններից ազատելն ու նրանց փոխարեն զինվորական գործից, բանակից ոչինչ չհասկացող պատահական կադրերի նշանակելը։ Կամ պաշտպանության նախարարներին ժամանակ առ ժամանակ թաշկինակի պես փոխելը՝ դրանով ի ցույց դնելով, թե որքան անկարևոր է այս իշխանությունների համար պաշտպանության ոլորտը, եթե կարելի է նախ բանակում չծառայած ու այդ ոլորտում երբևէ չաշխատած մեկին վստահել երկրի սահմանների պաշտպանության պատասխանատու գործը, հետո էլ չթողնել որպեսզի նա գոնե ինչ-որ չափով խորամուխ լինի իր գործի մեջ և այլ տարօրինակ նշանակում անել այդ պաշտոնում։ Ի դեպ, սա ևս այս իշխանություններն իրականացնում են իբրև նախկին, այսպես կոչված, կարծրատիպերը կոտրելու փիլիսոփայությամբ, որով հանրության աչքին թոզ են փչում։ Մինչև կործանարար պատերազմը Նիկոլը բղավում էր, թե մեր բանակը, որը կառուցել են նախկինները, կաղում է, քանի որ զինվորականը չունի անդրավարտիք ու զրկված է ելակ ուտելու հնարավորությունից։ Պատերազմից հետո էլ նախկինների վրա քարեր նետելով՝ նա սկսեց հանրությանը համոզել, թե բանակը սխալ է կառուցված եղել, և այն պետք է քանդել ու զրոյից հավաքել՝ իր սիրած զրոյից սկսելու բանաձևումով։ Եվ նրա բոլոր թվարկած «բարեփոխումները» հենց այդ համատեքստով էլ հրամցվում են՝ իրականում միայն մեկ նպատակի ծառայելով՝ բանակը ոչնչացնելով՝ ծախել երկիրը։ Իսկ բանակի առկայությամբ երկրի վաճառքի գործարքը կարող է նրա քթերից գալ։

Մեկ կարևոր հանգամանք էլ։ Նիկոլի մանկլավիկ նախարարները զուր չէ, որ պատերազմից հետո անընդհատ հասարակության ականջին հերթական լապշան են կախում՝ խոսելով այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իրականում հենվելով փաստերի վրա՝ կարելի է ասել, որ ոչ թե պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ծրագրեր են մտմտում քպ-ականները (դրանք մարդկանց սիրաշահելու համար օդ նետված հայտարարություններ են), այլ մեր ունեցած՝ զորակոչային սկզբունքով գործող բանակը վերացնելու։ Իսկ դրա համար ի՞նչ է հարկավոր անել։ Այո, մարդկանց պարտադրել, մղել նրան, որ ծնողները հրաժարվեն իրենց զավակներին բանակ ուղարկել՝ վախենալով նրանց կյանքի ու առողջության համար։ Ամեն զինվորին ելակով կերակրելու համար գլուխ գովող իշխանությունը տեսեք թե այսօր ինչ պայմաններում է պահում իր ժամկետային զինծառայողներին, երբ թշնամու հետ ճակատճակատի նրանք իրենց ծառայությունն իրականացնում են անմարդկային պայմաններում՝ չջեռուցվող ու ինքնկպչուն ժապավեններով ամրացված հյուղակներում, վրաններում, կիսաանոթի, ցրտի ու արևի դեմ պայքարելով։ Իսկ վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը Վարդենիսում ի ցույց դրեց, թե որքան են ելակամատակարար իշխանությունները մտահոգվում Հայաստանի Հանրապետությանը ծառայող երիտասարդ զինվորների մասին՝ անգամ նրանց անվտանգ ծառայության համար միջոցներ չձեռնարկելով և այդ տղաներին բախտի քմահաճույքին նետելով խաղաղ պայմաններում։ Հաշվի առնելով բանակի հանդեպ քպ-ականների քամահրական վերաբերմունքը, կարո՞ղ ենք չէ մտածել, որ ժամկետային զնիվորների սպանությունն ամենևին պատահական չէր, մանավանդ որ նրանց մահվան հանգամանքների հետ կապված շատ հարցականներ կան ու առեղծվածներ։ Ո՞ր ծնողը կուզի այսքանից հետո իր որդուն ուղարկել բանակ, որը իշխանությունների թիրախում է՝ որպես ոչնչացման ենթակա կառույց։ Եվ սրանք, հիշեցնենք, այն մարդիկ են, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում էին քառօրյա պատերազմի ժամանակ թշնամուն բլուր զիջելու մեջ, իսկ նախագահն էլ հետագայում բացատրեց, որ իր համար մարդկային կյանքներն այդ բլուրից թանկ էին, և նա չցանկացավ տղաներին զոհաբերել առանձնապես ռազմավարական նշանակություն չունեցող հեկտարները հետ բերելու համար։ Իսկ իրենք, այո, կարող էին մեծ թվով զոհեր տալ Լելե Թեփեի բարձունքը սեփական փիարի համար հետ նվաճելու համար, այն էլ՝ ժամանակավոր։

Եվ վերջապես 30 տարիների ընթացքում կազմավորված այդ կուռ կառույցը կազմաքանդելու ապացույցներից մեկը այն սպառազինությամբ ապահովելու այս իշխանությունների երկչոտ քայլերն են։ Բազմաթիվ են անդրադարձերն այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, որը հաղթող կողմն է, լծվել է իր բանակը համալրելու, վերականգնելու ու մարտունակությունը բարձրացնելու գործին, և ջանք, միջոցներ չի խնայում դրա համար։ Նոր ու թանկարժեք սպառազինություն է ձեռք բերում, համատեղ զորավարժություններ անցկացնում Թուրքիայի հետ, պետական գանձարանից հսկայական միջոցներ հատկացնում բանակին։ Մինչդեռ մեր գանձարանը ավելի շատ սպասարկում է Փաշինյան Նիկոլի իշխանությունը և անձամբ նրա, կնոջ ու զավակների մարմինները պահող ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների աշխատավարձերը, ոչ թե պետության վտանգված սահմանները պաշտպանող զինվորականների սոցիալական կարիքները։ Եվ բանակի համար այս տարիների ընթացքում բյուջեից հատկացված միջոցներն էլ տարակուսանք են առաջացնում, թե ինչպես կարող է մեծաթիվ կորուստներ կրած բանակը այդքան քիչ գումար հատկացնելով՝ վերականգնել ու ավելի զորեղացնել։ Բանակի վերականգնման ու հզորացման, ամրացման համար նշած որևէ թիվ թերևս խոսուն չի լինի հասարակ ընթերցողների համար։ Բայց փորձենք համեմատությամբ ներկայացնել այս և նախկին իշխանությունների վերաբերմունքը հայոց բանակին։ 2017 թվականին Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը բյուջեից 294, 4 մլրդ դրամ էր հատկացրել պաշտպանության ոլորտին՝ ներառյալ վարչական, կրթական, հետազոտական, ռազմադիվանագիտական և այլ կարիքների համար, բուն ռազմական կարիքների համար նախատեսվել է 286,4 մլրդ դրամը։ Բյուջեն կատարվել է 99,3 տոկոսով։ Այսինքն, հատկացված գումարը գրեթե ամբողջությամբ ծառայել է իր նպատակին և պաշտպանության ոլորտում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել։ 2018 թվականի համար, որը ևս նախկին իշխանությունների կողմից է հաստատվել, պաշտպանության ոլորտին հատկացվել է 238,4 մլրդ դրամ, բուն ռազմական կարիքների համար այդ գումարից հատկացվել է 228,9 մլրդ դրամը, որը արդեն նոր իշխանությունների կողմից կատարվել է ընդամենը 96 տոկոսով, այսինքն՝ ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել։ 2019 թվականին պաշտպանության ոլորտի համար 315,6 մլրդ դրամ է նախատեսվել, որից 303,7 մլրդ դրամը նախատեսվել է բուն ռազմական կարիքների համար։ Այդ ամբողջ գումարը ծախսվել է 95 տոկոսով։ Նշենք, որ 19 թվականի բյուջեից հատկացված գումարին հավելվել է դեռ նախորդ տարի չիրացված գումարը, որը հաստատել էին նախկին իշխանությունները։ 2020 թվականին բյուջեից հատկացված 387,7 մլրդ դրամ գումարի 383,8 մլրդ դրամն էր նախատեսված ռազմական կարիքների համար։ 2021 թվականին 336 մլրդ դրամի 99 տոկոսն է իրացվել։ Դա էլ բացատրում են պատերազմական վիճակով, թեև մինչև պատերազմը՝ նախորդ տարի, փաստորեն պաշտպանական նպատակների համար բյուջեից շատ ավելի մեծ գումարներ են հատկացվել, իսկ պատերազմից հետո, երբ արդեն բանակը ոտքի կանգնեցնելու անհրաժեշտություն կար, ՀՀ իշխանությունները հարկ համարեցին բանակին և ընդհանրապես պաշտպանության ոլորտին ընդամենը 375,58 մլրդ դրամ ուղղել, որից միայն 340 մլրդ դրամն է ռազմական կարիքների համար։ Ընդ որում, ինն ամիսների ընթացքում այդ բյուջեն կատարվել է ընդամենը 67,5 տոկոսով։ Այս իշխանությունների «ռահվիրաները» բարձրախոսների առաջ հայտարարում են, թե իրենք գումարի խնդիր չունեն, իրենց խնդիրն այն է, որ չեն կարողանում զենք հայթայթել և դրանով էլ բացատրում են նման պարապուրդը։ Դա անգամ կառավարության ղեկավարն է խոստովանել՝ իրեն հատուկ մանիպուլյացիոն երանգներով հայտարարելով, թե զենք ձեռք բերելու ճանապարհներն իրենց առաջ փակում են, երկրները հրաժարվում են իրենց զենք վաճառել, և դա իրենց համար խնդիր է դարձել։ Բայց իրենց ապիկարությունն ու անճարությունը (դիտավորյա՞լ չէ արդյոք) չի խանգարել, որպեսզի այս տարվա համար նախատեսված բյուջեից պաշտպանության ոլորտին 505,797 մլրդ դրամ հատկացվի։

Հրապարակված թվերը թերևս չեն բացահայտի պաշտպանության ոլորտի վիճակը նախկին և ներկա իշխանությունների օրոք։ Պատկերն ամբողջացնելու համար անպայման պետք է նշել, որ եթե այս իշխանությունները լացուկոծ են դնում իրենց զենք ձեռք բերելու հնարավորություններից զրկելու համար, ապա Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք Հայաստանը բացի բյուջեով նախատեսված միջոցներով ձեռք բերած սպառազինությունից, նաև հսկայական զենք ու զինամթերք էր ստանում իր ռազմավարական դաշնակցից՝ բնականաբար ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլև մեր դաշնակցի հարավային Կովկասի թիկունքն ամրացնելու և այդ կողմից հնարավոր հարձակումներից իրեն ապահովագրելու համար։ Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված էր այդ օգնությունը մեզ տրամադրել և վստահ էր, որ իր նվիրած փողերն իր իսկ դեմ չէին ուղղվելու։ Թե որքան սպառազինություն, ռազմական տեխնիկա է մեզ նվիրել մեր դաշնակիցը, բնականաբար ռազմական գաղտնիք է, բայց դրա մասին իր անթաքույց զայրույթով ու զարմանքով հայտարարել էր թշնամի ու հակառակորդ պետության նախագահ Ալիևը ռազմական ավարի մեջ ռուսական ապրանքանիշեր տեսնելով ու տարակուսել, թե Հայաստանին որտեղի՞ց միլիարդավոր գումարների այդքան զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա։ Նա իր զայրութն ուղղել էր նաև Ռուսաստանի ուղղությամբ՝ ակնարկելով, որ ՌԴ-ն է Հայաստանին ապահովել այդ զինամթերքով ու սպառազինությամբ։

Շարունակելի

Թագուհի Ասլանյան