Խոսակցություն է. Փաշինյանը՝ ՌԴ–ի և Արևմուտքի հետ առևտրում պատժամիջոցները շրջանցելու մասին

Պատժամիջոցները ստվերային տարբերակով շրջանցելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի խոսակցություններ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք Հայաստանն իր արտաքին առևտրում շրջանցում է հակառուսական պատժամիջոցները։

«Որպես ժողովրդավարական երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մեր բոլոր արևմտյան գործընկերներին ասել և ասում ենք, որ այդ հարցում պատրաստ ենք շարունակել թափանցիկ լինել։ Արտաքին առևտրի թվերը փոխվում են ամբողջ աշխարհում, քանի որ փոխվում են լոգիստիկ շղթաները, հարաբերությունները»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ոչ միայն Եվրամիությունից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև ՀՀ–ից արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ երկրներ։

«Անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանից է վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա կարծում եմ՝ այն ուղիղ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր գործընկերներին` գործողությունների և գործունեության օրինականությունն ունի սկզբունքային նշանակություն: Ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,– շեշտեց նա։