Մետրոյի մի կայարան էլ «Փեթակի» տարածքում

Մետրոյում բավականին մեծ ծավալի ներդրումներ ենք անում. բացի Աջափնյակի կայարանից, քննարկել ենք նաև «Փեթակի» տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենարդյունավետ ներդրումներից մեկն է ենթակառուցվածքների մեջ»,-ասաց նա:

Ավինյանը նաև նկատեց, որ Երևանի տրանսպորտային սխեման համապատասխանեցվում է այդ խարիսխին. «Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում մեր կանխատեսմամբ ուղևորափորադրումների քանակը 22 տոկոսով աճելու է: Այսինքն մետրոն էական բեռ է վերցնում իր վրա և էականորեն թեթևացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը:

Եվ տոմսային համակարգն է մեկ ընդհանուր լինելու, և այս ամբողջ ուղևորափոխադրումների համակարգը: Այսինքն մենք ավտոբուսների գծերը համադրում ենք մետրոյի գծերի հետ»,- ասել է Ավինյանը: