Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր կրկին հանդիպել են. «Արցախպրես»

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը  տեղեկացրել Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։

«Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»,- նշում է կայքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: