Նոր աշխարհակարգի ձևավորումը ԱՄՆ-ի մեկուսացմամբ ու չեզոքացմամբ և Ասիայի հեղինակության բարձրացմամբ (Մաս 2)

Աշխարհառազմավարության ներկա փուլի հիմնական մարտահրավերը

 Սկիզբը՝ այստեղ 

Ընթացիկ աշխարհառազմավարության հիմնական մարտահրավերը, ըստ էության, թելադրեց միակ ճշմարիտ եզրակացությունը․ Արևմուտքի (այսինքն՝ Ամերիկայի և Եվրոպայի) և սիոնիզմի լկտիությունը հաջողությամբ կասեցնելու համար առանձին պետությունների միակողմանի ջանքերը բավարար չեն լինի, անհրաժեշտ է ռազմավարական դաշինք։ Եվ անհրաժեշտ է նաև Ասիայի հեղինակության միաժամանակյա և բավականին արագ, նկատելի և շոշափելի վերելք, քանի որ նրանք, ովքեր ապստամբության դրոշ են բարձրացրել հանուն մարդկության և բարոյականության, հիմնականում Արևելքի տերություններն են, դե Ռուսաստանի Դաշնությունն էլ իր տարածքներով մեծամասամբ ասիական պետություն է։ Բայց, այսպես թե այնպես, մենք պնդում ենք, որ ավելի ճշգրիտ է խոսել Եվրասիայի մասին, ոչ թե ուղղակի Ասիայի մասին, և այս առումով մենք գերադասում ենք Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը անվանել Եվրասիայի մեծ եռյակ՝  հանուն ճշմարտության, պատվի և արժանապատվության:

Ուստի զարմանալի չէ, որ 2023 թվականին հենց Իրանից հնչեց գլոբալիզացիայի «բուժման բաղադրատոմսը» մոլորակի բոլոր ժողովուրդների համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. ապրիլին իրանցի ուսանողների հետ հանդիպմանը Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին հայտարարել էր. «Աշխարհին սպասում է նոր միջազգային կարգ՝ ի տարբերություն երկբևեռ կարգի, որը գոյություն ուներ 20 տարի առաջ՝ Միացյալ Նահանգներ և Խորհրդային Միություն, Արևմուտք և Արևելք, և միաբևեռ աշխարհ, որը հայր-Բուշը հռչակեց Բեռլինի պատի փլուզումից և կոմունիստական և սոցիալիստական ռեժիմների վախճանից հետո: Բուշը հայտարարեց, որ նոր աշխարհակարգը միաբևեռ ամերիկյան կարգ է, այսինքն՝ Միացյալ Նահանգները գտնվում է աշխարհի գագաթին, բայց նա, իհարկե, սխալվում էր»։ Իրանի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ը անդադար թուլանում է վերջին 20 տարիների ընթացքում, և դա տեղի է ունենում բազմաթիվ ուղղություններով՝ արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության և անվտանգային հարցերում: Այաթոլլա Խամենեին անցած տարի հայտարարել էր, որ կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները պետք է ավելի խոր դիտարկել և դա անել նոր աշխարհակարգի առաջացման համատեքստում։ Նա ենթադրել է, որ այս նոր կարգի հաստատման ավարտը կհանգեցնի նոր և բարդ գործընթացների: Նա այն ժամանակ ուսանողներին ասաց, որ նոր և բարդ պայմաններում բոլոր երկրների, այդ թվում՝ Իսլամական Հանրապետության պարտքն է ապահովել այնտեղ ներկայություն, որը թույլ կտա ապահովել երկրի շահերն ու անվտանգությունը և չլինել մարգինալացված։ Այաթոլլան ուսանողներին հիշեցրել է նաև պաղեստինցի ժողովրդի ճակատագրի մասին։ Նա սխալ է անվանել սիոնիստների հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին թեզը։

Այսպես թե այնպես, մենք տեսնում ենք՝ 2022 թվականից Իրանի բարձրագույն ղեկավարությունը չի թաքցնում, որ Թեհրանում և այն երկրներում, որոնք կարելի է համարել Իրանի ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ, նոր աշխարհակարգի կառուցման ուղղություն են վերցրել։ Իհարկե, հարկ է նշել, որ վարկածը, թե ԱՄՆ-ը և, մասնավորապես, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը բոլորովին էլ ոչ անհաջող և համառ ջանքեր են գործադրում աշխարհը քաոսի և բազմակի՝ առանձին ու ներքին պատերազմների ու հակամարտությունների շեմին հասցնելու համար, այնպես անել, որ այդ աշխարհում կարգուկանոնի միակ կետը շատերի համար լինեն հենց ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ցանկացած «հատուցման նշանակալի հարվածների» համար անհասանելի, 2022 թվականին այս մասին այաթոլլա Խամենեին ուսանողներին ոչինչ չասաց: Բայց մենք վստահ ենք, որ այս իմաստուն ծերուկը հաստատ գիտի, որ ոչ ոք չի կարող «խաղաղ կերպով» հաղթել գլոբալիզացիային և գլոբալիստ-սիոնիստներին, նա լավ գիտի, որ նոր աշխարհակարգի ճանապարհը փշոտ է ու դժվար… Ի վերջո, այսպես կոչված «Ոսկե հորթի պաշտամունքը» դժվար է կոտրել, ինչպես նաև դժվար է վերականգնել Հոգևոր քաղաքակրթությունը։  Ընդ որում, այաթոլլահ Խամենեին 2022 թվականի նոյեմբերին կրկնել է, ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմակայանների «դարաշրջանը», գլոբալ անարդարության ժամանակը կավարտվի ապագա նոր աշխարհակարգի պայմաններում, և ԱՄՆ-ը ստիպված կլինի դադարեցնել իր ներկայությունն ամբողջ աշխարհում։ Արժե՞ արդյոք զարմանալ, որ 2023 թվականին էլ Իրանի Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ Գերագույն առաջնորդը կրկին հիշատակել է գալիք նոր աշխարհակարգի մասին։

Եվ ոչ միայն նա: Փետրվարի 9-ին, երբ Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Թեհրանի գագաթնաժողովի դահլիճում էր՝ ընդունելու երկրների դեսպաններին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտարարեց, որ Իրանը ցավակցություն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրներին՝ այդ երկրներում ավերիչ երկրաշարժերի հետևանքով առաջացած ցավալի միջադեպերի կապակցությամբ: Եվ ընդգծեց. «Ամբարտավանությունն ու միակողմանիությունը դարձել են աշխարհի երկրների միջև բազմաթիվ խնդիրների և բախումների հիմնական պատճառը»: Պարոն Ռաիսին, անշուշտ, խոսել է ԱՄՆ-ի, սիոնիստների և Եվրոպայի «վարքագծի» մասին, ոչ թե ինչ-որ այլ ուժերի և երկրների։ Իսկ արդեն մի քանի օր անց, Իրանի կառավարական պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում, պարոն Ռաիսին, Պեկինի համալսարանի ուսանողների, պրոֆեսորների և ակադեմիական աշխատակիցների առջև ելույթ ունենալով նոր գլոբալ աշխարհակարգում Չինաստանի կարևորության մասին, նույնպես անդրադարձավ նոր աշխարհակարգի թեմային: Նա ընդգծեց, որ նոր աշխարհակարգը, որի կենտրոնը Ասիան է, կձևավորվի և ի վերջո կփոխարինի հինին: «Նոր աշխարհը զարգանում է և փոխարինում է նախորդին, – ասաց նա:- Նոր աշխարհը պահանջում է ժամանակակից կարգ, որտեղ, աստիճանաբար կզարգանա ազնիվ և արդար կարգը և իրական բազմակողմանիությունը, առավելագույն սիներգիան, համերաշխությունը և միակողմանիությունից հեռացումը կբարգավաճեն ավելի, քան երբևէ»: Իր պնդման մեջ, որ Ասիան գտնվում է վերջին գլոբալ միտումների կենտրոնում, նա ընդգծեց, որ խաղաղության պահպանումն ու խթանումը հսկայական մայրցամաքում ոչ միայն ընտրության հարց է, այլև ծայրահեղ անհրաժեշտություն։ Նախագահ Ռաիսին նշել է, որ Իրանի ռազմական հզորությունը կենտրոնացած է այլ երկրներում խաղաղության և կայունության պահպանման վրա և օգտագործվելու է միայն գերտերությունների վտանգները հետ մղելու համար։ Նա հավելել է, որ Իրանի հաղթանակը գլոբալ ճգնաժամերի նկատմամբ, ինչպիսիք են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը Արևմտյան Ասիայում, ռազմավարական ձեռքբերումներից մեկն է:

Պարոն Ռաիսին բարձր է գնահատել նաև Թեհրանի և Պեկինի դարավոր կապերը՝ նշելով, որ Իրանը Մետաքսի ճանապարհի շնորհիվ ստեղծել է զարգացման և բարեկեցության համար բարենպաստ միջավայր, ինչը հնարավորություն է տվել Չինաստանին պաշտոնապես միանալ միջազգային հանրությանը: Այնուհետև Իրանի կառավարության ղեկավարն ասել է, որ Մետաքսի ճանապարհը, լինելով ամենակարևոր ուղին, ոչ միայն նպաստել է բազմաթիվ երկրների միջև առևտրի և համագործակցության զարգացմանը, այլև գործել է որպես մշակութային թել և պատմության ընթացքում կապել է տարբեր համայնքներ: Նա նաև բարձր է գնահատել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Իրանն ու Չինաստանը ևս մեկ անգամ վերահաստատել են բարեկամության ամրապնդման իրենց հանձնառությունը և վճռական քայլեր են ձեռնարկել միասնական աճի, ռազմավարական գործընկերության և մարդկության համար ոգեշնչող և բարգավաճ ապագայի ուղղությամբ՝ վերածնելով այս նախաձեռնությունը ժամանակակից աշխարհում:

Այն բանից հետո, երբ մենք հիշեցրինք այաթոլլա Խամենեիի և նախագահ Ռաիսիի հայտարարությունները, հավանաբար, լրացուցիչ մեկնաբանությունների և պարզաբանումների կարիք չկա։ Ընթերցողները պարզապես պետք է փորձեն հիշել, թե ինչպես ենք մենք դա արել, այդ թվում՝ այս նյութում, մեր մոլորակի վրա կարևոր իրադարձությունների զարգացման ողջ պատմության ընթացքում՝ սկսած գոնե 1991 թվականից։ Այդ ժամանակ, վստահ ենք, գրեթե բոլորը կգիտակցեն Իրանի բարձրագույն ղեկավարության իրավացիությունը և կհասկանան, թե ինչու Չինաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարները համաձայնեցին իրանական քաղաքակրթության եզրահանգումների, իրանական կողմի գրեթե բոլոր փաստարկների հետ։ 

Սերգեյ Շաքարյանց