Մի գրառման հետքերով կամ հեռահար զրույց Աննա Հակոբյանի հետ

Մի գրառման հետքերով կամ հեռահար զրույց Աննա Հակոբյանի հետ:

Երկու օր է, ինչ համացանցը քննարկում է վարչապետի տիկնոջ կողմից տարածվող նկարները` մեկ հասարակ եգիպտացորենով և կարկանդակներով, մեկ էլ բարձրակարգ ռեստորաններում ճաշելիս: Բնականաբար, յուրաքանչյուրս մենք ենք ընտրում, թե ինչ ուտել, որտեղ, ինչպես և ինպիսի հանգիստ վայելել` կախված նախասիրություններից, տրամադրությունից, երբեմն` ֆինանսական կարողություններից: Որևէ մեկը բացառություն չէ:

Սակայն Դուք այսօր Ձեր գրառումը համեմել էիք սարկաստիկ մաղձով, թե` ինչպես Դուք էիք արտահայտվել, միջին վիճակագրական հայ «ուսյալ մտավորականները» ամաչում են միջին վիճակագրական հայ մարդուց…

Գիտեք, Աննա, Ձեր նշած մարդիկ` սրտացավ և հայրենասեր ուսյալ մարդիկ, մտավորականները, իրոք ամաչում են, քանի որ շատ լավ են հասկանում, թե ինչ նպատակով են արվում նման գրառումները և ուր են տանում: Նրանք ամաչում են, քանի որ տեսնում են, որ հերթական անգամ, թաքնվելով հասարակ ժողովրդի թիկունքում, դուք պատրաստում եք հերթական անգամ նրանց մոլորեցնել:

Ասում եք, որ ուսյալ մտավորականները չեն սիրում հասարակ հայ մարդուն, ի նկատի ունենալով, որ դուք սիրում եք: Այդ դեպքում, ինչու՞ եք ցանկանում, որ հայ ժողովուրդ ապրի թշնամու դրոշի ներքո` անպաշտպան թողնելով հասարակ արցախցուն` գիշատիչ Ալիևին դեմ միայնակ: Այդ Ձեր նշած ուսյալ մտավորականները այսքան տարի պաշտպանել են նրան, անվտանգության երաշխավոր եղել, պայմաններ թելադրել թշնամուն, անգամ «փակ դռների հետևում ստիպել ճանաչել Արցախի անկախությունը»:

Ինչու՞ եք այդ նույն Ձեր նշած Եվրոպական մայրաքաղաքներում գլխիկոր լռում, երբ թշնամին հոխորտում է, թե 30 տարի Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, իսկ հիմա էլ նա վերադարձրել է իր հողերը պատերազմով: Ինչու եք ստորագրում մի փաստաթղթի տակ, որով Արցախի հարցը դառնում է տարածքային վեճ, ինչպես եք «վերադարձնում» Ադրբեջանին տարածքներ, որոնց Հայաստանը չի տիրապետել: Ձեր կողմից նշված ուսյալ մտավորականները այդ Եվրոպական մայրաքաղաքներում ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին ապացուցելու, որ Արցախի հարցը ժողովրդի ինքնորոշման հարց է, ազատության, հայրենիքի:

Դուք խոսում եք Երևանի կենտրոնից դուրս կյանքի մասին: Փորձե՞լ եք Գորիսից Կապան գնալ ուսյալ մտավորականների օրոք գործող ճանապարհով: Իշխանասարի, Կապանի, Զերմուկի, Վերին Շորժայի գլխին կանգնած թուրքերին տեսե՞լ եք:

Դուք խոսում եք հասարակ հայ մարդու կենցաղի մասին, իսկ տեղյա՞կ եք, թե այդ մարդիկ որքան գումար են ծախսում կոմունալները վճարելու և պարենի վրա: Գիտե՞ք, որքան է թանկացել կյանքը: Գուցե նշեք ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները, որոնք ավելացել են շատ չնչին: Իսկ որքանո՞վ է ավելացել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները: Որքա՞ն ավելի շատ գումար են ստանում երկրի ղեկավարը, դաշնակահար նախագահը, պատգամավորները, նախարարները, Երևանի քաղաքապետը և այլոք` ուսյալ մտավորականների ժամանակների հետ համեմատ:

Հիմա, երբ Դուք վայելում եք կյանքը և համեմում համացանցը կարկանդակներով և եգիպտացորեններով, երբեմն` ռեստորանների նկարներով, դա Ձեր կյանքն է և Ձեր գործը, Դուք ազատ եք Ձեր վայելնքերում, և որևէ մեկը չարությամբ դրան չի արձագանքի, եթե այստեղ չտեսնի հերթական վտանգ` դյուրահավատ հասարակ ժողովրդին հերթական անգամ Ձեր կողմը քաշելու համար: Հավատացեք, այդ մի երկու կարդացած գրքերում այս տեխնոլոգիաների մասին շատ բան կա գրված:

Եվ վերջում բարեկամաբար մի խորհուրդ` հարկավոր չէ հերթական բաժանումն ու տարրանջատումն անել հայ ժողովրդի միջև, հավատացեք, չկան հասարակ և ոչ հասարակ մարդիկ, կան հայեր: Բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են: Բոլորն էլ սիրում են թե կարկանդակ, թե եգիպտացորեն, թե ռեստորանային ուտեստներ, ուղղակի շատերը չեն կիսվում սննդի նկարներով հիմա, երբ 120 000 հայ մարդ ստիպված է կտրոններով մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ գնել:

Լավ մնացեք:

 

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից