Արևմուտքն իր առջև ՌԴ-ն վերացնելու խնդիր է դրել, և Ռուսաստանի քայլերը բխելու են առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության տրամաբանությունից

Երեկ կարևոր և ուշագրավ հայտարարություններով են հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ըստ էության հայտարարելով, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի Դաշնության փլուզումն է, Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ եթե Արևմուտքին հաջողվի հասնել այդ նպատակին, ապա ռուս ժողովուրդը չի կարողանա գոյատևել որպես մեկ ամբողջություն։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Արևմուտքն այժմ նպատակ ունի վերացնել Ռուսաստանի Դաշնությունը: Բոլոր գիտակ անձանց համար Պուտինի ասածը նորություն չէ, բայց ՌԴ նախագահի այս հայտարարությունը կարևոր է թե Ռուսաստանում, թե, հատկապես, Ռուսաստանից դուրս ըմբռնելու համար, որ ՌԴ գործողությունները բխել և այսուհետ առավել ևս բխելու են վերոնշյալ իրողության գիտակցման և ինքնապաշտպանության տրամաբանությունից: Եվ կասկած չկա, որ այդ նպատակի համար, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվեն բոլոր առկա միջոցները…

Ռուսաստանի փլուզման սցենարը կանխելու համար Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել ազգային միասնության պահպանումը։ Ռուսաստանի ժողովրդի միասնականությունը Պուտինը համարել է իրենց բոլոր ձեռքբերումների և հաղթանակների գլխավոր պայմանը:

Ավելի վաղ, շնորհավորելով զինվորականներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արևմուտքին մեղադրել էր Ռուսաստանը մասնատելու և անկախությունից զրկելու փորձերի մեջ։ Ըստ նրա, այդ նպատակների համար Արևմուտքն այժմ օգտագործում է Ուկրաինան:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը դիմակայում է զանազան թշնամիների գործնականում մի ամբողջ կայսրության: Նրա կարծիքով, Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակից հետո պատմությունը կրկնվում է, և Ռուսաստանը կրկին դիմակայում է զանազան թշնամիների կայսրության։ Այս մասին նա, ТАСС-ի տեղեկացմամբ , գրել է շաբաթ օրը հրապարակված «Հայրենիքի պաշտպանության տարի» հոդվածում՝ պատրաստած «Ազգային պաշտպանություն» ամսագրի համար։

«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ տարի անց՝ 2023 թվականի փետրվարին, մենք նշեցինք մեր պատմության ևս մեկ շատ կարևոր տարեթիվ. Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակը` քսաներորդ դարի գլխավոր ճակատամարտը, որից հետո նացիստական բանակների վերջնական պարտությունն անխուսափելի դարձավ: Պատմությունը կրկնվում է: Հերթական ամգամ մենք դիմակայում ենք զանազան թշնամիների գործնականում մի ամբողջ կայսրության՝ ուկրաինացի և եվրոպացի նեոֆաշիստներ, ԱՄՆ, այլ անգլո-սաքսեր և նրանց վասալները (շուրջ կես հարյուր երկիր)»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:

Դմիտրի Մեդվեդևն ասել է նաև, որ հակառակորդներն իրենց առջև խնդիր են դրել ջնջել Ռուսաստանն աշխարհի երեսից, սակայն դա նրանց չի հաջողվի։

«Մենք ուժեղ ենք, և հիմա դա նույնպես ակնհայտ է,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։- Իսկ տխրահռչակ «արևմտյան աշխարհը համաշխարհային հանրության միայն մի փոքր մասն է՝ մոլորակի բնակչության մոտավորապես 15%-ը։ Հարուստ, հագեցած, բայց փոքրամասնություն»:

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հավելել է՝ գլխավորն այն է, որ այս տարվա ընթացքում իրենց հաջողվել է ամուր վստահություն ձեռք բերել սեփական ուժերի և սեփական հաղթանակի նկատմամբ։

Մեդվեդևը նշել է, որ հատուկ ռազմական գործողության անցած տարին շատ բան է սովորեցրել ռուսներին, համախմբել երկրի քաղաքացիներին ընդհանուր թշնամու դեմ պայքարում և վերջնականապես ազատել «ժողովրդավարական» Արևմուտքի պատրանքներից, որի կեղծավորությունն ու մոլեգնած ռուսաֆոբիան դուրս եկան բոլոր հնարավոր սահմաններից։

Մեկ այլ պարբերականի՝ «National Defense» ամսագրի համար գրած հոդվածում, ինչպես տեղեկացրել է  «РИА Новости»-ին, Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է Արևմուտքը միլիարդներ ծախսում Ուկրաինայի վրա:

«Հավաքական Արևմուտքի նպատակը՝ հաղթել Ռուսաստանին ուրիշի ձեռքերով, ըստ երևույթին, արդարացնում է նրանց համար ցանկացած ծախս, իսկ այս հակամարտությունից տառապող հասարակ ուկրաինացիների և եվրոպացիների վրա նրանք թքած ունեն բարձր զանգակատնից»,- գրել է Մեդվեդևը:

Մեդվեդևի խոսքով ՝ «Ուկրաինային տիրական ուսերից այնքան ռազմական տեխնիկա են շնորհել», որ որոշ եվրոպական պաշտպանության նախարարություններ «լրջորեն սկսել են տրտնջալ դատարկ պահեստների համար», «Իրենց բավարար չեն զորավարժություններ և կրակոցներ անցկացնելու համար։ Այո, ամերիկյան զինվորականներն էլ հիացած չեն»:

Մեդվեդևը մեջբերել է CSIS-ի վերլուծաբանների եզրակացությունն այն մասին, որ Պենտագոնը Կիևին է հանձնել մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ դրանցից որոշների առումով սպառելով սեփական պաշարները։

«2022 թվականի օգոստոսի դրությամբ Կիև ուղարկված «Джавелин» հակատանկային հրթիռային համալիրների թիվը գերազանցել է ԱՄՆ-ում դրանց արտադրության յոթ տարվա ծավալը,- ասել է Մեդվեդևը:- «Սթինգերներ» (զենիթահրթիռային դյուրաշարժ համալիրներ.- Ա.Հ.) այնտեղ բերել են այնքան, որքան նույն յոթ տարվա ընթացքում մատակարարել են ամերիկյան սպառազինության բոլոր մյուս գնորդներին»:

 

Արթուր Հովհաննիսյան