Ոչինչ այնքան չի մոտեցնում մարդկանց, որքան միասին գործած հանցանքները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանն է։

Այսօր Սումգայիթում հայերի ջարդի 35-րդ տարելիցն է։ Անդրադառնալով այդ օրվան՝ հաղորդման հյուրն ասաց, որ ադրբեջանցիների սանձարձակություններն ու վայրագությունները Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ ապացուցեցին, որ Արցախի բնակչությունը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, նրանց վերահսկողությամբ, քանի որ այսօր էլ ադբեջանցիները չեն փոխել իրենց վերաբերմունքը հայերի հանդեպ և լցված են նրանց ունեզրկելու, կյանքից զրկելու ու հայերի հայրենիքին տիրանալու մոլուցքով։ Իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտը դեռ խոսում է Արցախի Հանրապետության բնակչության իրավունքներից ու անվտանգությունից՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու երազանքով։ Նա գնում է արևմտյան իր տերերի մոտ և այնտեղ խոսում Արցախի հայերի իրավունքների մասին, որոնք պետք է կարգավորվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ։

Սումգայիթի ողբերգության առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել, որում որևէ խոսք չկա Արցախի ինքնորոշման մասին, հակառակը՝ նույն Փաշինյանի թեզերն են հնչեցվում արցախահայության իրավունքների մասին։ Հովհաննես Խաչատրյանը դա բնականոն է համարում, քանի որ 2018 թվականից իշխանության է եկել մի դավաճանական խումբ, որի առաքելություններից մեկը Արցախը Ադրբեջանին հանձնելն է։ Նրանք միմիայն սպասարկում են Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգը։ Մինչդեռ 2017 թվականին ԵԽԽՎ նիստին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի պատվիրակին ապտակ հասցրեց՝ հայտարարելով, որ բացառվում է Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ հիշեցնելով մասնավորապես Սումգայիթի ողբերգությունը։

Խոսելով Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից՝ Հովհաննես Խաչատրյանը հարց հնչեցրեց, թե ինչու Ալիևը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հրաժարականը և սևեռվել է Ռուբեն Վարդանյանի վրա։ Ամենայն հավանականությամբ Ռուբեն Վարդանյանը խանգարում էր Ալիև-Փաշինյան-Արայիկ եռյակի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում Արցախում երկու հուժկու հավաք եղավ, որի ժամանակ արցախցիներն նորից ապացուցեին, որ իրենք պայքարելու են իրենց ինքնորոշման համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում