Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ. Սարգիս Խանդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ և պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այս հայտարարությունն է արել ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է ԼՂ հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով:

Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանը բնավ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հավերժացնել, անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում` ատելության և բռնության շրջափուլը հաղթահարելու համար:

«Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել մեր տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,– ասել է պատգամավորը։