Արցախի նախագահը մանրամասներ է հայտնել ավելի քան 70-օրյա շրջափակման հետևանքների վերաբերյալ

Ավելի քան 70 օր արցախցիները համառորեն պայքարել և շարունակում են իրենց պայքարը մեր սրբազան հայրենիքում արժանապատվորեն ապրելու և արարելու, մեր նախնիների պատգամը սրբորեն պահելու և մեր նահատակված քույրերի ու եղբայրների շիրիմներին տրված երդումն անխախտ պահելու համար:

Անդրադառնալով շրջափակման հետևանքներին, այս մասին փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության Կառավարության նիստում հրապարակած ուղերձում նշեց Նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս պայքարն անդադար ու անվերջ է լինելու, այն կարող է ավարտվել միայն հաղթանակով:

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց հետո Արցախում ներքին կյանքի հարաբերականորեն խաղաղ ու բնականոն ընթացքն ամբողջությամբ խաթարվեց: Ունեցանք ներկրումների ու արտահանումների դադարեցում՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից որոշակի հումանիտար բեռների ընդհատումներով սահմանափակ մատակարարման դեպքերի, կիսվեցին բազմաթիվ ընտանիքներ, ծագեցին կենսական բազմաթիվ ապրանքների սղության հետ կապված խնդիրներ, ի հայտ եկան հազարավոր նոր գործազուրկներ, գործունեությունը դադարեցրած կամ նվազեցրած հազարավոր տնտեսվարողներ, հասարակության շրջանում ծագեցին հոգեբանական խնդիրներ, ունեցանք էլեկտրամատակարարման ու գազամատակարարման պարբերական ընդհատումներ, տրանսպորտի խնդիրներ, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների բնականոն աշխատանքի խափանումներ, տնտեսությունը կրեց ավելի քան 150 միլիոն դոլարի վնաս և բազմաթիվ այլ ուղղակի և անուղղակի զրկանքներ»,- ընդգծեց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ շրջափակումը, խոշոր առումով, Արցախի ժողովրդի վրա ունեցել է ազդեցություն հետևյալ երեք ուղղություններով՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, հոգեբանական ահաբեկչություն և կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում: Եթե առաջինի և երկրորդի մասով հաջողվել է քիչ թե շատ երկարաժամկետ շրջափակմանը դիմակայելու լուծումներ գտնել, ապա երրորդի մասով կան  լրջագույն մարտահրավերներ, որոնք ստիպում են արագ ու վճռական որոշումներ կայացնել:

Այնուհետև Նախագահ Հարությունյանը անվտանգային առումով թույլատրելիության սահմաններում որոշ փակագծեր է  բացել, անդրադառնալով  այն խնդրին, որ հունվարի 9-ից լրիվությամբ խափանելով Հայաստանից եկող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում կանոնավոր կերպով խափանելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր հարուցել է շարունակական էներգետիկ ճգնաժամ՝ որպես ճնշման հիմնական միջոց:

«Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծավալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ տնտեսական խոշոր ձեռնարկությունների աշխատանքի կասեցման և հովհարային անջատումների կիրառման միջոցով: Այս ողջ ընթացքում մեծ ծավալով պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ անհամեմատ ավելի շատ ջուր ենք բաց թողել մեր գլխավոր հէկի գործունեության համար, քան Սարսանգ մուտք գործող ջրային պաշարները: Այժմ վիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն՝ իր բոլոր հետևանքներով»,-ներկայացրել է Հանրապետության նախագահը:

Նա  ընդգծել է, որ այս ընթացքում զգալի գործ է արվել կառավարության կողմից կանոնակարգելու շրջափակման հարուցած խնդիրների լուծման աշխատանքները:

«Թեև դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, արձանագրվել են նաև անարդարության դեպքեր, սակայն կարող ենք պնդել, որ օրեցօր պետական ծառայությունների արդյունավետության մակարդակը բարձրանում է, և դրան զուգահեռ ավելի են մեղմանում բնակչության զրկանքները: Շնորհակալություն իրենց աշխատանքային ու քաղաքացիական պարտավորությունները պատշաճորեն կատարած և կատարող անձանց: Իսկ անբարեխիղճ վարք դրսևորած և արտոնյալի անընդունելի մոլուցքով տառապող մեր հայրենակիցները թող օր առաջ գիտակցեն, որ այդ վարքով վնասում են հայրենիքին ու հենց իրենց, քանի որ թուլացնում են մեր շարքերը և բացասաբար են ազդում հասարակության հոգեբանական դիմադրողականության վրա»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ այս ամենի կողքին, այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը պատրաստ է պայքարի ու դժվարությունների՝ հստակորեն գիտակցելով ադրբեջանական ցեղասպանական նպատակները և  մեր կարմիր գծերը՝ պատրաստ պաշտպանելու վերջիններս: