Ստացվում է՝ արցախցի 18 տարեկան երիտասարդները ծառայելու են Ադրբեջանի բանակում և հսկելու հայ-ադրբեջանական սահմանը՝ Ադրբեջանի կողմից

Աշոտյանի կողմից փաստաթղթի հրապարակումը շատ արժեքավոր էր և դա գալիս է լրացնելու այն փաստական ապացուցողական բազան, որը վկայում է այս իշխանությունների հանցավոր և ապազգային գործունեության մասին,- ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղիղ եթերում ներկայացրած փաստաթղթին, որը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկին։ -Իհարկե, նորությունն այն էր, որ ինչի մասին մենք անհանգստություն ենք հայտնում կամ լսում ենք այլ պաշտոնյաների հայտարարություններով, նաև ունեցել է փաստաթղթավորված ձևակերպումներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, հանրությանը հայտնի՝ Արաբաթ Միրզոև Սամվելօղլի, նշել է, թե հուսով են՝ Ադրբեջանը ուղիղ կբանակցի Ստեփանակերտի հետ։ Ուզում եմ հասկանալ, ինքը որպես արտաքին գործերի նախարար որ հայտարարում է, թե ինքը իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել, որովհետև ինքը պատահական մարդ չի, նախարար է, որը շփվում է Ադրբեջանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, այցելում է իրենց մայրաքաղաքներ։ Ուզում եմ հասկանալ, ինքն ի՞նչ ֆորմատի պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պիտի բանակցի՞ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որպես երկու սուվերեն պետությունների ղեկավարներ, եթե այդպես է պայմանավորվածությունը՝ դա կարելի է համարել դիվանագիտական ձեռքբերում, և նա կարող է միանգամից վերափոխվել- դառնալ՝ Արարատ Միրզոյան։ Բայց եթե դա չի իրենց պայմանավորվածությունը, նրանք չե՞ն լսել Ալիևը ինչ է հայտարարում Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մյունխենի անվտանության համաժողովի պլենար նիստում երբ Նիկոլ Փաշինյանը «փայլում էր իր դարակազմիկ մտքերով», Միրզոյանը դահլիճում առաջին շարքում նստած էր, չի՞ լսել, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը։ Ալիևն ասում է Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, խնդրում եմ գործընկերներին՝ այդ հասկացությունը չօգտագործել, Нагорный Карабах եզրույթը ռուսական է, ռուսների ներմուծած բառն է, եվրոպացիներ, կատաղե՛ք, ի տարբերություն սրանց, նա գիտի ինչ է խոսում։ Ալիևն ասում է, այնտեղ ապրող հայերն ազգային փոքրամասնություն են, Ադրբեջանը բազմազգ երկիր է, հարգում է տարբեր ազգերի փոքրամասնությունների շահերը, նրանց թույլ է տալիս, որ իրենց լեզվով խոսեն, մշակույթը պահպանեն, ազգային ինքնությունը որոշակի իմաստով արտահայտեն, և այդ տարածքում ապրող հայերը ոչ մի ձևով չեն տարբերվելու Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնություններից, այսինքն՝ Ղարաբաղի երիտասարդները 18 տարին լրանալուց հետո կգնան Ադրբեջանի բանակում զինվորական ծառայության և կհսկեն հայ-ադրբեջանական սահմանը՝ Ադրբեջանի կողմից, որպեսզի հայերն ադրբեջանցիներին չանհանգստացնեն, դպրոցներում պիտի սովորեն ադրբեջաներեն, դատավարության լեզուն լինելու է ադրբեջաներեն, կրթություն պիտի ստանան ադրբեջանական համալսարաններում, որովհետև ուրիշ ոչ մի համալսարան իրենց մոտ լիցենզավորված չէ։ Ովքեր հանցագործություններ են կատարում Ադրբեջանում, ինչ են անում՝ պատժում են, իսկ ովքե՞ր են հանցագործները՝ պետության դեմ հանցագործություն կատարածները, այսինքն՝ Արցախյան պատերազմին մասնակցած բոլոր տղամարդիկ։ Լեռնային Ղարաբաղում մի այնպիսի տղամարդ գոյություն չունի, որ Ադրբեջանի օրենքներով և Սահմանադրությամբ հանցագործ չի Ադրբեջանի համար, որը դուրս է եկել Ադրբեջան պետության դեմ պայքարի, մեդալ է ստացել, էնպիսի կին չկա Արցախում ապրող, որը գոնե մի օր չի աշխատել պետական կառավարման համակարգում, և որը Ադրբեջանի օրենքներով հանցագործ չէ։ Ստացվում է՝ Ղարաբաղի բնակչության 98 տոկոսը Ադրբեջանի օրենքներով հանցագործ է, հիմա Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանն էդ մարդկանց գցում են Ադրբեջանի երախը, ահա թե ինչ է նշանակում այդ փաստաթղթի իրագործումը»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը։