Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 10  

Սկիզբը` այստեղ 

Փետրվարի 17-ին տարօրինակ ու խիստ մտահոգիչ հայտարարությամբ  հանդես եկավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Տեղի է ունեցել մի իրադարձություն, որի նախադեպը, որքան հիշում ենք, չի եղել երբևէ…

Դատելով ընկերության պաշտոնական հաղորդագրությունից, մասնակի խցափակվել է Հայաստանի գազամատակարարումն ապահովող, Ռուսաստանի տարածքից Վրաստանով Հայաստան հասնող մայրուղային գազատարը, ավելին՝ Հայաստանին մասնակիորեն տրվող գազն էլ ընդհատումներով է տրվում: Ընդ որում, դա Վրաստանի՝ հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքի կամ նույնանուն մունիցիպալիտետի շրջանում չէ, որ տեղի է ունեցել, ոչ էլ, ընդհանրապես, Վրաստանում:

Չկա նաև որևէ խոսք դիվերսիայի, պայթյունի, հրդեհի, վթարի, պլանային կամ արտապլանային, ասինքն՝ վաղօրոք նախատեսված կամ չնախատեսված նորոգման աշխատանքների կապակցությամբ գազատարը ժամանակավորապես խցափակելու մասին (խցափակումը գազատարի համպատասխան հանգույցի վրա գտնվող փականով գազատարի խցափակումն է): Պակաս ուշագրավ չէ նաև այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հայտարարության մեջ գազատարի խցաբացման որևէ ժամկետ նշված չէ, այս առումով կատարյալ անորոշություն է:

Խցափակումը կատարվել է Հայաստանի նախկին իշխանությունների պաշտոնավարության շրջանում Հայաստանի բարեկամ ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածքում: Մի պետության, որի հանդեպ Հայաստանի, Արցախի ու հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի ու նրա իշխանության թշնամական քայլերը գնալով ավելի և ավելի ակնհայտ են դառնում:

Հայաստանը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի խցափակման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:

Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների (ավտոգազալիցքավորման ճնշակայանների.- Ա.Հ.) գազամատակարարումը:

Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների (ցանկը կցվում է) գազամատակարարումը կշարունակվի»:

Այնուհետև կցված է առայժմ դեռ գործող ԱԳԼՃԿ-ների (ԱԳԼՃԿ-ների անվանումը, հասցեն) ցանկը՝ մինչ այդ գործողներից ընդամենը 91-ը Երևանում և ողջ Հայաստանում:

Վերոնշյալ ողջ տեղեկատվությունից պարզ է արդեն, որ Հայաստան ներկրվող բնական գազի օրական ծավալները մեղմ ասած են զգալիորեն նվազել, իրականում գործ ունենք նշված ծավալների էական կրճատման, ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների խիստ անբավարարության հետ:

Փաստն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անորոշ է լիարժեք գազամատակարարման վերականգնման ժամկետը, այլապես իր պաշտոնական հաղորդագրության մեջ կհայտներ այդ մասին ու կփարատեր սպառողների մտահոգությունները: Պարզ է նաև, որ ՌԴ-ի կողմից գազամատակարարման նախկին ծավալները երկար ժամանակով չվերականգնելու պարագայում, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանում պահեստավորված գազի ծավալներն էլ կարող են սպառվել:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր տեղեկացրեց, որ «փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:

Ներկայումս հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին»։

Վերը մեջբերված տեղեկատվությունը բնավ չի նշանակում, թե ՌԴ-ից գազամատակարարման նախկին ծավալները վերականգնվել են, հակառակ պարագայում ուղղակի հայտարարություն կլիներ այդ մասին: Ընկերության այս տեղեկատվությունը նշանակում է, որ անտեսելով ավելի վաղ իր հայտնածը՝ «վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, այնուամենայնիվ, որոշել է վերականգնել գազամատակարարումից զրկված ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Հավանաբար՝ սկանդալից խուսափելու նպատակն ունեցող իշխանությունների պահանջով…

Հիշո՞ւմ եք, թե փետրվարի 13-ին նաև Հայաստանի ղեկավարությանն ուղղված ինչ կոշտ զգուշացմամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Ովքեր ծանոթ չեն կամ մոռացել են, համապատասխանաբար տեղեկացնենք, հիշեցնենք հակիրճ բովանդակությունը՝ եթե այսպես շարունակեք, կարող է պետությունը կորցնելու վտանգի առջև կանգնեք…

Իսկ եթե հանգամանորեն, ապա ըստ News.am -ի, «Վոլոդինը զգուշացրել է, որ պետք է զերծ մնալ եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից: Վոլոդինն ասել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով կա որոշում, իրենք դրանով են առաջնորդվելու և ամեն ինչ անելու են, որ այդ եռակողմ պայմանավորվածություններն իրականացվեն:

Ավելին. Պետդումայի ղեկավարն ասել է, որ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը: Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, պետք է տասն անգամ մտածել, թե դա ինչպես կարող է ավարտվել Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը ,և եթե դա անեն, պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»:

Միանգամայն ճիշտ է ասել Վոլոդինը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլը, Արարատ Միրզոևը («Օմեգա» ծածկանվամբ գործակալը) և մյուսներն իրականում խաղաղություն և իրավիճակի կարգավորում չէ, որ ուզում են, այստեղից էլ բխում են Վոլոդինի հորդորին ճիշտ հակառակ արած նրանց հայտարարությունները և այլ գործողությունները… Ճիշտ նույն օրը՝ փետրվարի 13-ին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նշված հանդիպման վերաբերյալ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության  մեջ մասնավորապես նշված է.

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին»:

Վոլոդինի զգուշացման և վերոնշյալ հանդիպման հենց հաջորդ օրվանից՝ փետրվարի 14-ից էլ Ռուսաստանը մասնակիորեն դադարեցրել է Հայաստանի գազամատակարարումը:

Հնարավո՞ր է, որ Վոլոդինի վերոնշյալ հայտարարությունից հետո Նիկոլը, Արարատ Միրզոևը, Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլի թիմից մեկ ուրիշը զանգահարած լինեն Մոսկվա և ինչ- որ հոխորտանքներ արտաբերած, ինչ- որ հաթաթաներ տված լինեն… Հնարավոր է, իսկ ինչո՞ւ ոչ…

Հնարավո՞ր է, որ Հայաստան գազամատակարարման էական կրճատումը Հայաստանի՝ ոչ միայն հայերիս, այլև Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող Նիկոլին ու նրա իշխանությանը ՌԴ-ի կողմից ցույց տրվող դեղին քարտն է, առայժմ դեռ նախնական զգուշացումը, առաջին ապտակը, թե իրենց կեղծ դաշնակից Հայաստանի ղեկավարության կողմից համապատասխան հետևությունների բացակայության պարագայում Ռուսաստանն ինչ հնարավորություններ ունի և ինչեր կարող է անել… Հնարավոր է, իսկ ինչո՞ւ ոչ…

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը մոտ ապագայում գազը, հացահատիկը, ալյուրը Հայաստանին վաճառի միջազգային գներով, ու մենք ստիպված լինենք դրանք գնել, իսկ ավելի ճիշտ, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը չկարողանա գնել ներկայիս գներից, օրինակ, տասնապատիկ ավելի բարձր գներով… Հնարավոր է, իսկ ինչո՞ւ ոչ…

Եվ վերջին հարցը՝ այս անգամ ուղղված նիկոլապաշտներին, նիկոլազոմբիներին. երբ ցրտից կսառչեք և սոված կմնաք ձեր երեխաների հետ միասին, այդ ժամանա՞կ էլ եք դեռ շարունակելու պաշտել ձեր կուռքին…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան