ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ անփոփոխ է․ Սուրեն Սարգսյան

Այսօր «Հայրենիք» կուսակցության աջակցությամբ անցկացվել է «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 35-ամյակին։

Միացյալ Նահանգների դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ անցած 30 տարիների ընթացքում անփոփոխ է։ Այս մասին ասաց համաժողովի բանախոս, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ամերիկացիները միշտ ասել են՝ պետք է այս խնդիրը լուծել, ոնց ուզում եք, լուծեք։ Եթե այնքան ուժ ու կարողություն ունեք, որ կարող եք ազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծել, այդպես արեք։ Եթե Ադրբեջանը կարողանա լուծել տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելով, այդպես լուծեք, ինձ համար միևնույն է, ինձ համար կարևոր է, որ խնդիրը լուծվի»,-ասաց բանախոսը։

Միջազգայնագետը մանրամասնեց, ԱՄՆ այս դիրքորոշման պատճառն այն է, որ Նահանգները մտածում է, եթե տարածաշրջանում լուծվում է ԼՂ խնդիրը, կարգավորվում են հայ-թուրքական հարաբերությունները, ապա այստեղ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, ինչը բերում է տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղելուն։

«Սա եղել է ԱՄՆ որդեգրած քաղաքականությունը սկսած ԱՄՆ 41-րդ նախագահ  Ջորջ Բուշից ու մինչ այսօր որևէ բան չի փոխվել։ Սա աշխարհքաղաքական մրցակցություն է, իսկ գերտերություններն ամեն տեղ են մրցակցում, Հայաստանն ու Հարավային Կովկասը բացառություն չեն։  ԱՄՆ-ն այսօր օգտագործում են այդ հնարավորությունները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներն ակտիվացել են հենց այս օրակարգի շրջանակում։
Անդրադառնալով այսօր ստեղծված իրավիճակին՝ Սուրեն Սարգսյանն արձանագրեց, Հայաստանը բավարարել է թուրքական կողմի բոլոր նախապայմանները, ԱՄՆ-ը տեսնում է հնարավորություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, բնական է, որ աջակցելու է ցանկացած գործընթացի, որը կբերի ԼՂ խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների վերջնական լուծմանը։

«ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի երկու ծրագիր. մաքսիմում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, մինիմում՝ բալանսավորել։ Ռուսների դուրս գալու պարագայում ԱՄՆ-ը ֆիզիկապես այստեղ ներկա չի լինելու, այստեղ իր դաշնակցի միջոցով է գործելու, իսկ տարածաշրջանում ԱՄՆ միակ ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է։ Կարծում եմ, այստեղ ամեն ինչ պարզ է դառնում, թե ինչ գլոբալ պրոցեսներ են տեղի ունենում, այս ամեն ինչն ուր է գնում, այս տրամաբանության մեջ դիտարկելիս շատ պրոցեսներ ավելի շոշափելի ու տեսանելի են դառնում»,-ասաց Սարգսյանը։