Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկաններ

Գերմանիայից 15 ոստիկաններ կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային առաքելությանը, անզեն իրավապահները սահմանին պարեկություն կանեն հայկական կողմից, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկը»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Նախարարների դաշնային կաբինետը որոշել է, որ Գերմանիան կմասնակցի Հայաստանում ԵՄ նոր առաքելությանը (EUMA) դեպի Ադրբեջան ինտերնացիոնալ սահմանի երկայնքով»,- ասել է նա ճեպազրույցում։ Նա հստակեցրել է, որ EUMA առաքելությանը կմասնակցի «առավելագույնը» 15 գերմանացի իրավապահ, իսկ եվրոպական տարբեր երկրներից մասնակցող ոստիկանների ընդհանուր թիվը կկազմի 100 մարդ։ «Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ»,- հավելել է նա։

EUMA առաքելությունը կմեկնարկի հաջորդ երկուշաբթի։ Նրա հայտարարված նպատակը անզեն պարեկների օգնությամբ հրադադարի պահպանմանը հետեւելն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաքելության կազմում Ֆրանսիայից ութ ժանդարմներ կընդգրկվեն։