Պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար. Անահիտ Ավանեսյան

Պարտադիր ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար համակարգը կսկսի գործել: Բացի այդ, կսկսի գործել կամավոր ապահովագրական համակարգը։ Այսինքն՝ այն քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել, իսկ պետությունը կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտներ ունեցողների համար նաև սուբսիդավորման համակարգ ներդնել»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ 2025-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027-ից հանրապետությունում ամբոջությամբ կգործի  պարտադիր ապահովագրական համակարգը։

Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու։

Նրա խոսքով՝ ապահովագրական փաթեթը ներառելու է ինչպես սկրինգային ծրագրեր, տարեկան պարտադիր հետոզոտություններ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։

«Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, և եթե պետպատվերի շահառու չես, 2-3 միլիոն դրամ արժեցող վիրահատությունները դառնում են անհասանելի, խնդիրը լուծում են կամ հանգանակությունների միջոցով, կամ բարեկամների աջակցությամբ։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու փաթեթի շրջանակներում»,- ընդգծեց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ փաթեթում ներառված չեն պլաստիկ վիրահատությունները։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար։

«Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն, չկան որևէ սոցիալական խմբում, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբիսադավորի ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»,- նշեց նախարարը: