Միրզոյանի հետ խոսել ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից. Չավուշօղլու

Անկարայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կազմակերպել են մամուլի ասուլիս։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր խոսքի սկզբում շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին երկրաշարժից անմիջապես հետո համերաշխություն հայտնելու և ցավակցելու, ինչպես նաև հիշեցրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել և ցավակցել։

«Հայաստանն այս դժվարին օրերին մեզ բարեկամական ձեռք է մեկնել։ Հայաստանը 1999-ի երկրաշարժին էլ հումանիտար օգնություն է ուղարկել։ Ցավոք Հայաստանն էլ երկրաշարժի գոտում է գտնվում։ Մեր հիշողության մեջ է դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, քանի որ մեծ թվով մարդ է մահացել։ Այդ երկրաշարժից հետո Ալիջանի սահմանով մենք օգնություն ուղարկեցինք Հայաստան։ Հենց այդ սահմանով էլ Հայաստանը օրեր առաջ Թուրքիա ուղարկեց իր օգնությունը»,–ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն շեշտել է, որ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ «Հավատում ենք, որ այսօր հումանիտար ոլորտում մեր համագործակցությունը այս գործընթացին որպես աջակցություն կլինի։

Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունենալիք առաջընթացը մեր տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում կապահովի։

Իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ խոսեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման  գործընթացում կատարվելիք քայլերի, ինչպես նաև իրենից տեղեկություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության բանակցությունների վերաբերյալ։

Ես այստեղից հատուկ ուզում եմ ասել, որ այս 3 երկրները, եթե անկեղծ քայլեր անեն, Հարավային Կովկասը հաստատուն խաղաղություն կհաստատենք, այս տարածաշրջանում խաղաղությունը տնտեսական բարգավաճման համար ծայրաստիճան կարևոր է»,–ասել է Չավուշօղլուն։