Հայաստանում գրանցված է 26 615 ինքնակամ կառույց, որից 16 264-ը՝ Երևանում

Հայաստանում գրանցված է 26 615 ինքնակամ կառույց, որից 16 264-ը՝ Երևանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը։ Նա պարզաբանեց, որ խոսքն ավտոտնակների, բնակելի շենքերի և արտադրական շինությունների մասին է։

Մանուկյանը հայտնեց, որ Երևանում ինքնակամ կառույցների գրանցումն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ին։ Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց ավելի ակտիվ պլանավորել գործընթացը, քանի որ քաղաքներում շինությունների գրանցման ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

«Դա թույլ կտա խուսափել հերթերից և գեոդեզիստների ծառայությունների գների աճից»,-պարզաբանեց պաշտոնյան։

Մանուկյանը նշեց, որ ամենապասիվ մարզերը Վայոց ձորն ու Տավուշն են՝ 200-350 գրանցված ինքնակամ կառույց ամբողջ 2022 թվականին։ «Ամենաակտիվ մարզերից մեկը Կոտայքի մարզն է (ավելի քան 3200 գրանցված ինքնակամ կառույց), սակայն գրանցման ընթացիկ տեմպերը ողջ երկրում դեռևս շատ ցածր է»,-նշեց նա։

Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը չբացառեց, որ կարող են ընդունվել նորմատիվ-իրավական ակտեր ինքնակամ կառույցների օրինականացման համար, սակայն առանց նախնական գրանցման օրինականացումը հնարավոր չի լինի:

Չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով: Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց: