ՀԱՊԿ-ում խոստացել են անհրաժեշտության դեպքում Հայաստանի թիկունքին կանգնել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «թիկունքին կանգնել»։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում… կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն  կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», – Սիդորովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում։