ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Բևերլի Հիլզի ղեկավարության հետ քննարկել են Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական քարոզչությունը կանխելու քայլերը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական և ազգային ղեկավարությունը և հայկական կազմակերպությունների մի խումբ ղեկավարներ հանդիպել են Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, ոստիկանապետ Մարկ Սթեյնբրուկի և քաղաքի մենեջեր Նենսի Հանթ-Քոֆիի հետ, ովքեր փետրվարին եկել էին Գլենդել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ի պատասխան Հայ Երիտասարդական Դաշնակցության կազմակերպած բողոքի ցույցի երթուղում հանդիպած հակահայկական թռուցիկները, տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը:

Դրանք տեղադրված են եղել Դաշնային շենքից մինչև Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսություն և պարունակել են սպառնալիքներ, իբր մի խումբ երկրներ, ներառյալ Ադրբեջանը և Թուրքիան, «կջնջեն Հայաստանը քարտեզից»։

Թռուցիկները հայտնաբերելուց հետո ANCA-ի տեղական մասնաճյուղերի ղեկավարությունն անմիջապես ահազանգել է տարածքի ընտրված պաշտոնյաներին և իրավապահ մարմիններին միջադեպի մասին: Ի պատասխան միջադեպի՝ Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսեն դատապարտել է հակահայկական ատելության հրահրումը, հայտարարելով, որ «ատելությունը տեղ չունի Բևերլի Հիլզում և ոչ մի տեղ։ Ես միշտ ոտքի եմ կանգնելու, միշտ բարձրաձայնելու եմ»: Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը նույնպես մեկնաբանություն է տարածել՝ նշելով.

«Լոս Անջելեսում կամ որևէ այլ տեղ հակահայկական ատելության տեղ չկա»։

«Ամերիկահայերը վրդովված են մեր համայնքի դեմ ուղղված ատելության այս վերջին գործողությունից»,– նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ազգային վարչության անդամ Զանկու Արմենյանը: «Բևերլի Հիլզի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևոր առաջին քայլ է հայ համայնքի դեմ ատելությանն ու հալածանքին դիմակայելու համար երկխոսություն սկսելու համար: Ոչ մի համայնք չպետք է հանդուրժի նման վերաբերմունքը»։

Մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Հարավային Կալիֆորնիայի հակազրպարտության լիգան (ADL), Լոս Անջելեսի Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC) և Jewish World Watch (JWW), արագորեն դատապարտել են ատելություն պարունակող թռուցիկները:

Սկզբում Բևերլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հայտարարել է, որ հետաքննում է քաղաքում փակցված հակահայկական թռուցիկները, սակայն նախկին նմանատիպ դեպքերի հիման վրա եզրակացրել է, որ դրանք պաշտպանված են խոսքի ազատությունից: Այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սթիվ Դադայանը և Արմեն Հովհաննիսյանը մանրամասն տեղեկություններ են փոխանցել Կալիֆորնիայում տեղի ունեցած հակահայկական միջադեպերի մասին, որոնք վերջին տարիներին հանգեցրել են համայնքի դեմ հարձակումների և բռնությունների: Նրանք ընդգծել են, թե ինչպես 2020 թվականին Սան Ֆրանցիսկոյի ամերիկահայ համայնքը ենթարկվեց մի շարք ատելության բորբոքված հարձակումների համայնքային գույքի վրա: Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական (KZV) հայկական դպրոցի գույքի վրա ատելությամբ լցված վանդալիզմի հետ կապված երեք առանձին միջադեպեր, դպրոցական գույքի վրա կրակոցներ, և Սուրբ Գրիգոր Առաքելական եկեղեցու  հրկիզում տեղի ունեցած անողոք հրահրման հետևանքով:

Հակահայկական թռուցիկները գալիս են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ֆոնին, որը տարածաշրջանի 120,000 հայերին զրկել է սննդի, վառելիքի, ջերմության, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և այլ կենսական պաշարների հասանելիությունից երկու ամիս սառնամանիքի պայմաններում, ինչը ոչ պակաս ցեղասպանության փորձ է սովի միջոցով և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության համար անբնակելի պայմաններ ստեղծելով:

«Որպես ՀԵՀ-ի ելույթների ժամանակ արցախահայության դեմ Ադրբեջանի ցեղասպանական արշավի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը, երբ ես տեսա հակահայկական ատելության թերթիկները, որոնք նորից կոչ էին անում ցեղասպանություն իրականացնել իմ ժողովրդի դեմ, դա ուժեղ հարվածեց ինձ, բայց ուժեղացրեց իմ վճռականությունը՝ դեմ կանգնելու սրան, հատկապես այս երկրում»,- նկատել է ANCA-ի հոլիվուդյան նախագահ Լարա Երեցյանը Բևերլի Հիլզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Երեցյանը կարևորել է Բևերլի Հիլզ քաղաքի ղեկավարության կողմից այս խնդրի խորությունն ու մեծությունը հասկանալը։ Բևերլի Հիլզի քաղաքապետ Բոսը կարեկցեց և կիսվեց Հոլոքոստից իր ընտանիքի պատմությամբ և վստահեցրել ներկաներին, թե որքան լրջորեն է վերաբերվում իր քաղաքում ատելության հանցագործությունների խնդրին:

«Ատելության խոսքը կարող է հանգեցնել բռնության, ուստի մենք պետք է պայքարենք դրա դեմ ամեն հնարավորության դեպքում»,- ասել է Բոսեն։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հակահայկական ատելություն է նախաձեռնել հասարակության բոլոր մակարդակներում և այժմ իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն արցախահայության դեմ այս դաժան շրջափակման միջոցով: Հանդիպման ընթացքում ANCA-ի ներկայացուցիչները նաև տեղյակ են պահել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների կողմից հակահայկական ատելության շարունակական հրահրման մասին՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրում։