Ներքին Սզնեք. Շրջափակում, օր 61-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմամբ  և Արցախի   Հանրապետության 61-օրյա շրջափակմամբ պայմանավորված`  Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում եղած խնդիրները բազմապատկվել են։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Սզնեք  համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը։
«Գյուղում խանութ չի գործում. կտրոններով հատկացված  սննդամթերքը ստիպված համայնքապետարանում ենք բաշխել բնակիչների միջև։ Դիզվառելիք չունենալու պատճառով չենք կարողանում հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ՝ անհրաժեշտ որևէ ապրանքատեսակ գտնելու և բնակիչներին տրամադրելու համար։ Աշնանացանի աշխատանքները, բարեբախտաբար, հասցրել ենք ավարտել. 4 հա գարու և 39 հա ցորենի ցանքս ենք կատարել։ Պատրաստվում ենք գարնանացանի աշխատանքներին։ Եթե խաղաղություն լինի, մոտ 20 հա հաճար կցանենք։ Բնակիչներն էլ  տնամերձ հողամասերը կմշակեն»,-պատմել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո գյուղի կրթօջախը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի վերաբացվել. թշնամու դիրքերը բավականին մոտ են համայնքին, իսկ կրթօջախը ուղիղ նշանառության տակ է։
Դպրոցահասակ երեխաներ ունեցող որոշ ընտանիքներ պատերազմից հետո հաստատվել են մայրաքաղաքում։

«Այսօր գյուղում մեծից փոքր լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Նրանցից յուրաքանչյուրը դա իր պարտքն է համարում»,-հավաստիացնում է համայնքի ղեկավարը։

Է. Մուսայելյանը, առկա դժվարին խնդիրները շրջանցելով, փաստում է՝ Ներքին Սզնեքում գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկար կա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում