Ոստիկանությունում ծեծի ենթարկված փաստաբանները տուժող են ճանաչվել. ՔԿ

Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկված փաստաբանները տուժող են ճանաչվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի  9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր եւ գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

Միեւնույն ժամանակ նաեւ ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց եւ ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսեւորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի եւ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ինչպես նաեւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ:

Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- գրել է նա: