Զորամասի կացարանի հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն․ ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի քրեական վարույթով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այս փորձաքննությունը նշանակվել էր երկար ժամանակ առաջ։ Ոչ միայն թմրաբանական, այլև դատաբժշկական համալիր փորձաքննություններ են նշանակվել։ Քրեական վարույթն ապահովում է օբյեկտիվ, համալիր քննություն»,- նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։