Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը

Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ա. Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ:

«Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմից շեշտվել է 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։