ՀՀ–ում ԵՄ առաքելությունն աշխատանքը կսկսի փետրվարի 20-ից

Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ Տեղեկությունը CivilNet-ին հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն:

«Ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը»,–ասել է Լուազոն։

Նրա խոսքով` առաքելությունը լինելու է ԵՄ «աչքերն ու ականջները տեղում», և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։

Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: