Տիգրանակերտցի հայ երգչուհին Թուրքիայում փլատակների տակ է մնացել

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։

Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է դարձյալ տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։

Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։

Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ունի և մայրական, և հայրական կողմից։

Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։