Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մերձակայքում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից փրկարարները նորածին երեխա են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ականատեսների տեղեկություններով՝ երեխայի մորը չի հաջողվել փրկել։
Ավելի վաղ Հալեպից տեղեկություն էր ստացվել Ալ-Աքաբա թաղամասում փրկված նորածին աղջկա և դեռահասի մասին։ Այստեղ երկրաշարժի հետրանքով փլուզվել է 47 շենք։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Հայաստանի Մարաշ) նահանգում, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3 381, վիրավորվել՝ 20 426 մարդ։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։