ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլն ենք»,-ասաց նա` նշելով, որ  Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Զեյնալյանի խոսքով ` իրենք տվյալներ են ներկայացրել, որ գերիների թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանի ներկայացրած թվերն են, սակայն Ադրբեջանից հերքում են:

«Մենք պնդում ենք, որ այդ անձինք Ադրբեջանի իրավազորության ներքո եւ դրանից հետո որեւէ լուր չկա: Իրենք պնդում են, որ իրենց մոտ եղած գերիների ցանկում նման մարդիկ չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դատաքննության ժամկետներին` Զեյնալյանը նշեց, որ 2016 թվականի բազմաթիվ գործեր, որոնք վաղուց արդեն ավարտվել են, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն տարիներ անց դեռ վճիռներ չկան:

«Այս գործերը շատ երկար են տեւում, եւ չենք կարող ասել, թե երբ վճիռներ կլինեն»,-  նշեց նա:

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։