ՊԵԿ-ը կանխել է «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է կայացվել  իրականացնել անձնական մաքսային զննում։ Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ.Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաև այն ՀՀ տեղափոխած անձը, Հարավային մաքսատուն-վարչության կողմից անմիջապես փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝  հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց` Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում: