Իրանցի պաշտոնյան՝ երկրում ինտերնետի ժամանակավոր անջատման մասին
Իրանում ինտերնետի անջատումը տեղի է ունեցել խոշոր կիբեռհարձակման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը:
«Անցած շաբաթ ինտերնետի անջատումը տեղի է ունեցել խոշոր կիբեռհարձակման պատճառով, որը հետ է մղվել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների ջանքերի շնորհիվ։ Նախնական հետաքննությունը խոսում է շատ խոշոր կիբեռհարձակման մասին, որն առաջացրել է թրաֆիքի անկում»,-ասել է նա։ Նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Իրանական ԶԼՄ-ները հունվարի 25-ին հայտնել են, որ երկրի ողջ տարածքում մի քանի րոպեով անջատվել է ինտերնետը։ Ավելի ուշ նույն օրը Իրանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ անսարքությունները վերացվել են: