Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի ՊՆ օբյեկտի դեմ դրոնների գրոհին

Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։

«Գրոհը Սպահանում անպատասխան չի մնա»,- ասել է Մեշքինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհետևի Իրանի պատասխանը Պոդոլյակի հայտարարությանը, որտեղ ակնարկ կար Սպահանում դրոնների գրոհին Կիևի հնարավոր մասնակցության մասին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ բացահայտ հարձակումներ չի կատարում Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։

«Նրանք շատ են վախենում։ Որովհետև մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում։ Մեր կարծիքով՝ ոչ մի անսպասելի բան նրանք չեն ասել։ Մեզ համար անսպասելի չէր, որ ուկրաինական իշխանությունը նման դիրքորոշում ունի, որովհետև պարզապես պետք է զբաղեցնի Արևմուտքի հեգեմոնիային հարիր դիրքորոշում»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։

Իրանցի պաշտոնյան եզրափակել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է զբաղեցնել Թեհրանը Ուկրաինայի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Նա ասել է, որ «Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է», ուստի Իրանը «հաստատ չի կանգնի» նրա կողքին։