«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից փակ է. բողոքող աշխատակիցները հանդիպում են տեսչական մարմնի տնօրենի հետ

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում եւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

«Մալաթիա» տոնավաճառի 10-12 աշխատակից տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե ի վերջո ինչ լուծում է տրվելու իրենց խնդրին։

Լրագրողների հետ զրույցում «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն ասաց, որ նախօրեին տեսչական մարմնի հետ խոսել են, խնդրել են, որ թույլ տան աշխատել, իսկ այդ ընթացքում նաև կվերացնեն թերությունները։

«Երեկ երեկոյան տեսչական մարմինն ուղարկեց իր աշխատակիցներին, միասին նայեցինք ամբողջ տարածքը, որ շատ հրդեհավտանգ չէ։ Այսօր  պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս շտկելու որոշ թերություններ, որպեսզի  կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ, զրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- նշեց նա։

Ս. Ավետիսյանի խոսքով, արձանագրել են 17 կետով խախտում, 10-ը վերացրել են, 2-ի հետ կապված համաձայն չէ։

Նա տոնավաճառի աշխատակիցներին խնդրեց վերադառնալ տները, վաղը ժամը 09։30 կրկին կհավաքվեն՝ ներկայացնելու տեսչական մարմնի վերջնական որոշումը։