Սկզբունքային համաձայնություն կա Իրանին ներգրավելու Թուրքիայի և Սիրիայի հետ շփումներում․ Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իրանին ներգրավել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի միջև եռակողմ շփումներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի շահագրգռվածությունը և աշխատանքն այս ուղղությամբ կզարգացնի։

«Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանին ներգրավելու վերաբերյալ»,- Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱԳ նախարարը։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտնում են Աստանայի եռյակի մեջ, որը զբաղվում է Սիրիայում ճգնաժամի կարգավորմամբ։

«Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներին ներգրավվեն Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը։ Ինչ վերաբերում է ժամկետներին և մասնակցության կոնկրետ ձևաչափերին՝ զինվորականների, թե դիվանագետների մակարդակիով, դա դեռ քննարկվում է»,- հավելել է նախարարը։