Եթե ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 29-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ:
Ինչպես անցած շաբաթվա ընթացքում համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանրային հանդիպումների ընթացքում Ռուբեն Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով:
Պետնախարարը ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային իրավիճակում բնակչության կենսագործունեության ապահովման, հրատապ խնդիրների լուծման, ճգնաժամի հետևանքների մեղմման, ինչպես նաև ապաշրջափակման ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում կատարվող աշխատանքները: Նա կարևոր է համարել այս բարդ ժամանակաշրջանում ժողովրդի հետ հետադարձ կապի պահպանումը, ամբողջական տեղեկատվության փոխանցումը, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ հասկանալ իրավիճակն ու համատեղ ջանքերով հաղթահարել այն: «Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պետնախարարը լսել է ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ բնակչության կարծիքներն ու մոտեցումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Ինչպես համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը: