Զինծառայողի վիրավորվելու գործով ձերբակալվել է համածառայակիցը
Հունվարի 29-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանաիշներով։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Համածառայակիցը ձերբակալված է»,-հայտնեցին ՔԿ-ից։
Ավելի ուշ կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն:
Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
ՔՕ 532 հոդվածը վերաբերում է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելուն. հոդվածի 2-րդ կետի առաջին մասը սահմանում է.
«Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով»։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: