Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 5

Սկիզբը` այստեղ 

Գլխավոր դատախազությունն այսօր հանդես եկավ Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի առնչությամբ պաշտոնական նոր հաղորդագրությամբ , որով, ըստ էության, մերժվում են մինչ այժմ շրջանառության մեջ գտնվող բոլոր վարկածները, և նախաքննությամբ պարզված է համարվում այն, ինչի մասին պատմեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը կառավարության ս. թ. հունվարի 19-ի նիստի սկզբում:

Մինչ բուն հաղորդագրությանն անդրադառնալը, նշենք, որ դրանից բխում են հետևյալ ժխտումները.

  1. Չի եղել սատանիստական, սատանայապաշտական որևէ ծեսի շրջանակում մեր զինվորների զոհաբերում Նիկոլի, Աննայի կամ իշխանական վերնախավում գտնվող այլ անձանց կողմից:
  2. Չի եղել դիվերսիա, ահաբեկչություն Ադրբեջանի ԶՈւ կամ հատուկ ծառայությունների կողմից՝ ԱԹՍ-ի կիրառմամբ կամ առաց դրա:
  3. Չի եղել դիվերսիա, ահաբեկչություն թրքապաշտ մեր ներքին թշնամիների կողմից՝ կացարանի միտումնավոր հրդեհմամբ:
  4. Չի եղել զորանոցի վերածված կացարանի միտումնավոր հրդեհում ինժեներական ծառայության սպայի (կապիտանի) կամ զինծառայողներից որևէ մեկի կողմից, թեև թե սպան, թե զինվորները, ըստ հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայողներից մեկի (Ռոստոմ Ասրյանի) հոր պատմածի, վերջին շրջանում միջանձնային լարված հարաբերություններ են ունեցել ինչպես միմյանց, այնպես էլ նույն սպայի հետ, նույնիսկ «երկու օր առաջ այնտեղ ուժեղ կռիվ է եղել»:

Ընդամենը 4 օր առաջ՝ հունվարի 22-ին, «Հանրային» կոչված հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում  զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը հավաստիացնում էր, որ «համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, և բոլոր վարկածների ստուգման նպատակով միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ մյուս վարկածների ստուգման նպատակով քննչական և այլ վարույթային գործողություններն այսքան արա՞գ են կարողացել կատարել ու դրանցով հերքել վերոնշյալ վարկածները…

Իսկ 2023թ. հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ի՞նչ է կատարվել Ազատ գյուղում գտնվող, ինժեներասակրավորային վաշտի զորանոցի վերածված կացարանում ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության, ի՞նչ է պարզվել նախաքննության ընթացքում:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ,- նշված է գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ:- Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։

Այսպիսով վերոնշյալ սպան ոչ թե վառարանում եղած կրակն է փորձել թեժացնել, ինչպես «Հանրային» կոչված հեռուստաընկերության եթերում Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն է ներկայացրել , և ինչը, քիչ թե շատ, կարող է արժանահավատ լինել, այլ, ըստ գլխավոր դատախազության, «վառարանը վառել է ավտոբենզինով»: Մինչդեռ զորամասի տրակտորիստ ներկայացած անձի և այլոց հավաստմամբ, հնարավոր չէ, որ այդ ժամին վառարանը վառված չլիներ, այսինքն՝ վառելու կարիք լիներ:

Փաստենք, որ Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հայտնած վերոնշյալ տեղեկությանը հակասում է ոչ միայն մեկ այլ մարմնի՝ Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվությունը , այլև հենց նույն գլխավոր դատախազության կողմից այսօր հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը:

Պաշտոնական տեղեկությունների միջև վերոնշյալ խայտառակ հակասությանը մենք արդեն անդրադարձել ենք : Բայց գլխավոր դատախազությունը կարծես քիչ համարելով վերը նշված և պաշտոնական տեղեկությունների միջև առկա մյուս հակասությունները, իր այսօրվա հիշյալ հաղորդագրությամբ ներկայացնելով, թե տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ», ըստ էության, հերքել է Նիկոլի բնորոշմամբ հրեշավոր դեպքի առնչությամբ ավելի վաղ՝ 2023թ. հունվարի 13-ին իր իսկ հրապարակած մեկ այլ հաղորդագրության  մեջ առկա այն տեղեկությունը, որ «Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ»:

Գլխավոր դատախազությունում, հետաքրքիր է, գոնե տարրական թվաբանություն գիտե՞ն, թե մասնագիտացել են սոսկ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործեր «կարելով»… Այն տպավորությունն է, որ «բարդակ» ասվածը ոչ միայն բանակում է, այլև իրավապահ, ինչպես նաև իշխանական գրեթե ողջ համակարգում:

Հակառակ պարագայում կարելի է մտածել, թե Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի իշխանության կողմից հակասական տեղեկությունները, ստերը հրապարակվում են միտումնավոր, որպեսզի իշխանությունների նկատմամբ հասարակության գրեթե համընդհանուր անվստահություն առաջանա և չհավատան իշխանությունների հրապարակած ցանկացած տեղեկատվության, իշխանավորների ասած ցանկացած խոսքի՝ սուտ լինի այն, թե ճիշտ, ինչը մեր շեմին չոքած ու ցանկացած պահի հնարավոր պատերազմի դեպքում ուղղակի աղետալի կլինի Հայաստանի ու նրա բնակչության համար:

Գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությունում առկա մյուս տեղեկությունը, որը չի կարելի ուշադրությունից դուրս թողնել, հետևյալն է. «…կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են»: Այսպիսով՝ Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի կողմից ավելի վաղ հայտնված և զոհված զինծառայողների հանգստի մեջ գտնվելու առումով այս անհեթեթ տեղեկությունը գլխավոր դատախազությունը ներկայացնում է իբրև նախաքննությամբ արդեն պարզված՝ անտեսելով նաև հրդեհից տուժած ժամկետային զինծառայողներից Գարուշի՝ այդ կապակցությամբ հրապարակային հերքումը:

Բարի… Բայց այդ դեպքում գլխավոր դատախազությունը, քրեական վարույթը նախաձեռնած մարմինը, ուշ թե շուտ, ստիպված են լինելու պատասխանել սույն հոդվածի նախորդած մասում բարձրացված հարցերին: Տեսնենք, թե դրանց տակից ինչպես են դուրս գալու… Եթե նույնիսկ մեզ հրաժարվեն պատասխանել՝ «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ, դատարանում զոհված զինծառայողների ծնողներին ու նրանց փաստաբաններին ստիպված են լինելու պատասխանել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան