ԵՄ ԱԳ նախարարներն այսօր Հայաստանի համար նոր առաքելություն կհաստատեն

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի նախատեսված հանդիպմանը մտադիր են հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Բացի դրանից, կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես նախագահ Վլադիմիր Զելենսկու, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպացի դիվանագետն ասել է, որ արտգործնախարարները կորոշեն Հայաստան ուղարկել նոր առաքելություն, որը պետք է նպաստի տարածաշրջանի կարգավորմանը։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի «բնապահպանական» կազմակերպությունների մի խումբ ակտիվիստներ ԼՂ Լաչին-Շուշի ճանապարհին բողոքի ակցիա են սկսել։ Երևանը սա համարում է Բաքվի կողմից սադրանք, որն ուղղված է տարածաշրջանում հումանիտար աղետ ստեղծելուն։

2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ստեղծել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին առկա խնդիրները։ Նրանք ԵՄ-ի մինչև 40 փորձագետներ են ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկուցելու համար։ Առաջին առաքելության աշխատանքը տևել է երկու ամիս։

Բացի դրանից, ԵՄ բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է, որ հանդիպմանը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն քննարկվելու։

«Մենք բաց ենք նոր պատժամիջոցների քննարկման համար, բայց ոչ ԵՄ խորհրդի այս նիստում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը կենտրոնացած է Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցների նախկինում ներկայացված ինը փաթեթների իրագործման վրա։

Դիվանագետը նաև նշել է, որ ներկայումս ԵՄ-ի առաջնահերթությունը Ուկրաինային օգնելն է։ Այդ կապակցությամբ արտգործնախարարները կքննարկեն Կիևին 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու հարցը։

Ինչպես նշել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, ԵՄ 27 երկրների արտգործնախարարները նախկինում երբեք չեն քննարկել երկրում հակամարտությունը լուծելու համար Ուկրաինայի նախագահի առաջարկած «խաղաղության ծրագիրը»։

«Երկուշաբթի օրը հնարավորություն կլինի քննարկելու, թե ինչպես աջակցել Ուկրաինային և Զելենսկիին այս հարցում»,- ասել է դիվանագետը։