Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

«Ապակառուցողական գործողություններն ու հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, և դրանք առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ»։

Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցում հնչեցված մեկնաբանությունները։

«Հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքները Ադրբեջանի հասցեին լիովին անհիմն են և անընդունելի»,- ասել է Հաջիզադեն։

«ՀՀ ԱԳ նախարարի՝ շարունակվող բանակցությունների մասին հայտարարությունները, նրա, ով հրաժարվեց մասնակցել Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ երրորդ հանդիպմանը, որը կլիներ Ժնևի և Վաշինգտոնի հանդիպումների շարունակությունը, ընդամենը երեսպաշտություն են։ Հայկական կողմի պնդումները, թե հայկական կողմի նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն է, անհեթեթ են, քանի որ Հայաստանն օգտագործում է բոլոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի առաջարկները տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, այդ թվում՝ բացելով բոլոր հաղորդակցուղիները, կյանքի կոչելով սահմանազատումը և կարճ ժամկետում խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաջիզադեի խոսքով, հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղի իշխանություն» արտահայտության օգտագործումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից։ Նա նշել է, որ «Լաչինի ճանապարհի աշխատանքներին միջամտությունը ցուցիչ է, որ Հայաստանը դեռ չի մոռացել 30 տարի շարունակ վարվող օկուպացիոն քաղաքականությունը»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղն ամբողջ աշխարհը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։